Աշխատանքի դիմած քաղաքացին բաց նամակով պարզաբանումներ է ակնկալում վարչապետից

10:54 • 17.03.12

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրագործման գրասենյակի (ԾԻԳ)՝ մարտի 12–ին անցկացրած հանրության հետ կապերի պատասխանատուի թափուր պաշտոնի համար մրցույթին մասնակցած Նարինե Մկրտչյանը բաց նամակ է գրել վարչապետ Տիգրան Սարգսյանին և առաջարկում է, որպեսզի վարչապետն անձամբ հետաքննի մրցույթի անցկացման ընթացակարգն ու արդյունքները։

«Հրավիրեցին հարցազրույցի փուլ, սակայն արդյունքների մասին այդպես էլ տեղյակ չպահեցին: Մինչդեռ գործող ընթացակարգով նրանք մրցույթի անցկացումից հետո նույն օրը` անմիջապես, պարտավոր էին տեղյակ պահել, իսկ բողոքարկել կարելի էր այդ ընթացքում: Մինչդեռ պետք է տեղյակ լինես, որ բողոքարկես»,– գրում է Նարինե Մկրտչյանը նամակում:

Դիմորդը պնդում է, որ հինգ ժամ անընդհատ մրցույթի մասնակիցներին թողել են կառավարության միջանցքներում, ընդ որում, առանց պայմանների, ենթարկելով հոգեբանական նվաստացման:

«Հարցազրույցը խիստ ձևական բնույթ էր կրում, իմ դեպքում ես դա կարող էի հասկանալ, քանի որ հանձնաժողովի համար, մեղմ ասած, անծանոթ մարդ չէի այն ոլորտում, որի համար դիմել էի: Թեկնածուների` անգլերենի և համակարգչային ծրագրերի գերազանց իմացությունը ստուգելը հանձնաժողովի մտքով անգամ չանցավ: Մնում է ենթադրել, որ այդ չափորոշիչների ներառումը թեկնածուներին ներկայացվելիք պահանջների մեջ խիստ ձևական բնույթ էր կրում»,– պնդում է Նարինե Մկրտչյանը:

Այնուհետև նա պատմում է, որ երբ մարտի 16-ին զանգահարել է, իրեն ասել են հաղթողի անունը և ավելացրել, որ հրամանն արդեն եղել է:

«Այլ կերպ ասած` բողոքարկելն անիմաստ է: Ես ենթադրում եմ, որ «հաղթողը» ձեր հովանավորած թեկնածուն է. աշխատում է ԿԲ-ում: Կարծում եմ, որ պայքարն ու հովանավորչությունն ավելի դաժան է եղել մյուս երկու` տնօրենի տեղակալի և բաժնի պետի պաշտոնների համար»,– գրում է նա:

Նարինե Մկրտչյանը վարչապետին առաջարկում է նայել թեկնածուների անձնական գործերը, աշխատանքի փորձառությունը և այդ դեպքում, ըստ նրա, Տիգրան Սարգսյանն դժվար թե այլ եզրահանգման հանգի: Նարինեն նաև վարչապետին կոչ է անում պարզաբանումներ պահանջել մրցութային հանձնաժողովից, եթե իհարկե այդ ամենը վարչապետի գիտությամբ չի արվել։

«Ամենասարսափելի անգամ դա չէ, այլ այն, որ համատարած ունեզրկության պայմաններում ահռելի աշխատավարձեր եք գրում` 1,5 -2000 եվրո, այդ պաշտոնների համար, ավելացնելով ՀՀ արտաքին պարտքը, թեպետ այդ թվերը հմտորեն գաղտնի են պահվում անգամ մրցույթի մասնակիցներից: Երբ մրցույթի հայտարարությունը կարդալուց առաջ փորձեցի ճշտել թե՛ աշխատավարձի չափը, թե՛ պայմանագրի տևողության ժամկետը, հրաժարվեցին պատասխանել: Ստացվում է այնպես, որ մասնակցում ես մի մրցույթի, որի պայմանները փակ են պահվում մասնակիցներից: Այդպես երևի ՆԱՍԱ-ի գաղտնիքներն են փակ պահում: Եվ երբ ԾԻԳ-ի տնօրենը` նախկին նախարար Արմեն Եղիազարյանն ինձ հարցրեց, թե որքան աշխատավարձ եմ ակնկալում, ասացի` ողջամտության սահմաններում` բարձր: Այդ պատասխանիս վրա հանձնաժողովի անդամները ծիծաղեցին: Երևի թե այն պատճառով, որ նման ծրագրերի դիմելիս ողջամտությամբ չարժե առաջնորդվել»,– ասվում է նամակում:

Նարինե Մկրտչյանը հետգրությունում նշում է, որ ամիսներ առաջ նման մրցույթների քանիցս մասնակցած մի քաղաքացի իրեն խորհուրդ են տվել գրել այդ մրցույթների մասին: Այն ժամանակ Նարինեն նրան պատասխանե է, որ ինքը քաղաքական հոդվածներ չի գրում:

«Հիմա կարծում եմ, որ հանիրավի անտեսել եմ այդ խորհուրդը: Կարծում եմ, առաջիկայում կհետևեմ այդ խորհրդին: Մանավանդ որ, բավարար չափով տեղեկացված եմ այդօրինակ մրցույթների մասին: Եվ հենց այդ տեղեկատվություններն էլ ինձ մղեցին մասնակցելու մրցույթին` փաստերը և տեղեկատվությունը ստուգելու վարքագծին հետամուտ: Իսկ այժմ ակնկալում եմ ձեր պատասխանը և քայլերը, որոնք կուզեի չհակասեին ձեր հրապարակային ելույթների ոգուն և բովանդակությանը»,– գրում է Նարինե Մկրտչյանը: