Կիսում եմ Արարատի ասածը, ուրիշ բան, որ կարող էին Օսկանյանին չհրավիրել. Պետրոս Մակեյան
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը համաձայն է «Ազատ դեմոկրատաներ» կուսակցության վարչության անդամ Արարատ Զուրաբյանի գնահատականի հետ, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ներկայությունն իրենց համագումարին վերջինիս չի ազատում «Մարտի 1»–ի համար պատասխանատվությունից, քանի որ «մեծ է եղել Օսկանյանի «ներդրումը» այս դեպքերը արտաքին աշխարհում ծուռ հայելու միջոցով ներկայացնելու գործում»:
Tert.am –ի հետ զրույցում Պետրոս Մակեյանը նաև ասաց. «Ուրիշ բան, որ կարող էին և իրենց համագումարին Վարդան Օսկանյանին չհրավիրել»:
Պետրոս Մակեյանը Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի անդամ կուսակցություններից «Հանրապետությունը» ներկայացնող քաղաքական գործիչների հետ միակն էր, որ ներկա էր «Ազատ դեմոկրատների» համագումարին:
«Որովհետև մենք գտնում ենք, որ «Ազատ դեմոկրատները» 2008թ. նույն դժոխքով անցած մեր ընկերներն են: Եվ հետո, այո, տարաձայնություններ կան նրանց և Կոնգրեսի ներսում գտնվող «Հայոց համազգային շարժման» մեջ: Դա իրենց ներքին գործն է, հարաբերություններն են, որոնց չենք խառնվում»,- ասաց Մակեյանը՝ ավելացնելով, որ կա նաև հանդուրժողականության գործոն, որը պետք ապացուցվի գործով, այլ ոչ կարգախոսներով:
Պետրոս Մակեյանը միանշանակ չի ընդունել բանաստեղծուհի, Մարինե Պետրոսյանի ելույթում հնչած այն նախադասությունը, որ պայքարի համար ելածների մի մասը մնացին անցյալում:
«Մարինեն բանաստեղծուհի է, և ես չեմ կարող ընթերցել տողատակերը, բայց ասեմ, որ եթե «անցյալում մնացածներ» ասելով նկատի ունի ՀԱԿ-ին, ապա նա պետք է հասկանա, որ այն բազմաշերտ, բազմատարր կառույց է: Եվ հետո, մենք 15 տարի է՝ պայքարում ենք, որ համամարդկային արժեքներն այս երկրում ավանդույթ դառնան, բայց Մարինեն այս պայքարի մեջ մտել է երեք-չորս տարի»,- ասաց Պետրոս Մակեյանը:









