Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը կարող է հասնել 50 հազ-ի. մամուլ

14:59 • 17.03.12

Սիրիացի փախստականների թիվը Թուրքիայում կարող է անցնել 50 հազ-ն ու նույնիսկ հասնել 100 հազ-ի, կանխատեսում են թուրքական լրատվամիջոցները:

Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը լրագրողներին հայտնել է, որ ներկայում երկրում կա 16 հազ սիրիացի փախստական: Վերջին օրերին Թուրքիա օրական այցելում է մոտ 1.000 մարդ: Անկարան ձեռնարկում է նրանց ընդունման ու տեղավորման անհրաժեշտ միջոցառումներ:

«Սաբահ» թերթը գրում է, որ Թուրքիայի իշխանությունները դիտարկում են հարևան երկրում իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ, այդ թվում` բուֆերային գոտու և Սիրիայի հետ սահմանին անվտանգության գոտու ստեղծում:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն երեկ հայտնել է, որ Ստամբուլում ապրիլի 2-ին կայանալիք «Սիրիայի բարեկամների խմբի» համաժողովից դրական արդյունքներ է ակնկալում` սիրիական ճգնաժամի կարգավորման առումով:

Կարմիր մահիկի թուրքական միության ղեկավար Ահմեթ Լյութֆյու Աքարն էլ «Հաբեր Թուրք»-ի հետ զրույցում նշել է, որ իր գերատեսչությունն ունի 70 հազ մարդու ընդունելու հնարավորություն: Նրա խոսքով, տարբեր սցենարների դեպքում Սիրիայից փախստականների ընդհանուր թիվը կարող է անցնել 100 հազ-ը և հասնել կես միլիոնի:

Սիրիայում մեկ տարի է բախումներ են տեղի ունենում կառավարական զորքի ու նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմի հակառակորդների միջև: