ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքները խախտողները պետք է պատժվեն. ակտիվիստներ

13:18 • 17.03.12

Մաշտոցի այգու ակտիվիստները և քաղաքացիական մի քանի նախաձեռնություններ
հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ Ոստիկանությունը մարտի 14-ին Մաշտոցի պարկում ոչ իրավաչափ ուժ է կիրառել, և պահանջում է, որպեսզի պատժվեն «ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները խախտողները»։
Ըստ հաղորդագրության՝ մարտի 16-ին ՀՀ Ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որով տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հրավիրել է մասնակցել կլոր սեղան-քննարկման:

«Մենք միշտ ողջունել ենք համագործակցությունը ինչպես անհատ քաղաքացիների, այնպես էլ պետական ատյանների հետ, եթե այդ երկխոսության հիմքում դրված է հարգանքը ՀՀ Սահմանադրության և մարդու հիմնարար իրավունքների ու ազատություննների հանդեպ»,– ասվում է հայտարարությունում:

«Մենք գտնում ենք, որ ՀՀ ոստիկանությունը մարտի 14-ին, ժամը 21.30-ին ծրագրված և կազմակերպված կերպով իրականացված իր պատժիչ գործողությամբ գործել է ոչ իրավաչափ և, բիրտ ուժ կիրառելով, խախտել է մեր՝ ՀՀ քաղաքացիներիս սահմանադրական իրավունքները: Այդ իրավախախտումների մասին մանրամասն տեղեկացվել են ՀՀ բոլոր պատկան մարմինները: Մենք համոզված ենք, որ ՀՀ Սահմանադրության խախտումը բանակցությունների ենթակա չէ և պահանջում ենք անհրաժեշտ կամք դրսևորել պատասխանատվության ենթարկելու բռնարարքի հրաման տվողներին ու կատարողներին» նշվում է հայտարարությունում:

Ակտիվիստները նաև նշում են, որ Ոստիկանության կողմից իրավունքի գերկայությունն իր գործողությունների հիմքում հաստատելուց հետո իրենք «պատրաստ ենք միասին քննարկել բազմաթիվ հարցեր, այդ թվում նաև` միասնական ուժերով հանրային տարածքը և սեփականությունը, մեր ազգային հարստությունը պաշտպանելու և անօրինական յուրացումը թույլ չտալու հարցերը»:

«Հայտնում ենք նաև, որ Մաշտոցի պուրակը պաշտպանող քաղաքացիները կողմ են, որ նման քննարկումներն անցակացվեն այնպիսի ձևաչափով, որտեղ մուտքը կլինի ազատ, կարող են ներկա գտնվել ԶԼՄ-ների ներկայացուցիչները և ամեն ինչ կլինի թափանցիկ, բաց և հաշվետու:

Այսօր մենք չենք մասնակցելու Ոստիկանությունում կազմակերպված քննարկմանը և որևէ մեկին չենք լիազորում հանդես գալու մեր նախաձեռնությունների, կազմակերպությունների և Մաշտոցի պուրակը պաշտպանող քաղաքացիների անունից:
Մենք վճռական ենք վերականգնելու մեր քաղաքացիական իրավունքներն ու իրավունքի գերակայությունը` հիմնված բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վրա»,– նշում են ակտիվիստները։

Հայտրարությունը տարածել են «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը, «Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնություն, «Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնությունը, «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը, Ինքնորոշված քաղաքացիների նախաձեռնություն-շարժում ևր Մաշտոցի պուրակի նստացույցի մասնակցիներ։