ԵՊՀ ուսանողուհին 12-րդ հարկից իրեն «ցած է նետել» և ողջ մնացել
Լուսանկարը՝ aravot.am-ի
Մարտի 14-ին՝ ժամը 18.40-ի սահմաններում, «Շտապ օգնության» ենթակայանից ահազանգել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կառավարման կենտրոն և հայտնել, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Րաֆֆու փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի պատուհանների մետաղյա լարերի վրա երիտասարդ մի աղջիկ է ընկած և նրան իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, այս մասին aravot.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Նշված շենք է մեկնել Երևանի հատուկ փրկարարական ջոկատը, որը պարանների վրայից իջեցրել և «Շտապ օգնությանն» է հանձնել աղջկան, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մալաթիա բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում է եղել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ քննչական խումբը քննիչ Արտյոմ Շախոյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ աղջիկը Երեւանի պետական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհի, 21-ամյա Ա. Հ.-ն է, որն, ըստ հարևանների, ունի որոշ հոգեբանական խնդիրներ:
Ըստ aravot.am-ի՝ աղջիկը 12-րդ հարկից իրեն ցած է նետել, սակայն գետնին չի հասել, քանի որ 3-րդ հարկի լվացքի պարանները նրան պահել են: Թե ինչն է եղել ինքնասպանության դիմելու պատճառը և արդյոք նա տառապում է հոգեկան հիվանդությամբ, կպարզի քննչական բաժինը, որտեղ քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում քննիչ Արտյոմ Շախոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ինքնասպանության փորձի փաստով:









