Իրավապաշտպանները քննադատել են Մոսկվայում իրականացված ձերբակալությունները (տեսանյութ)

21:59 • 18.03.12

Մոսկվայի Հելսինկյան ասոցիացիայի անդամ, Մոսկվա քաղաքի հասարակական դիտորդական հանձնաժողովի նախագահ Վալերի Բորշևը հայտարարել է, որ ոստիկանությունը 100 մարդ ձերբակալելով, չափազանց կոշտ է արձագանքել կիրակի օրը, Մոսկվայում` «Օստանկինոյի» մոտ տեղի ունեցած հասարակական ակտիվիստների ակցիային, հաղորդում է INTERFAX.RU-ն:

«Դա չի եղել որևէ հանրահավաք, ցույց կամ երթ, դա միայն հասարակության դիրքորոշման արտահայտություն էր: Ոստիկանության գործողությունները բոլորովին անօրինական են», - հայտարարել է իրավապաշտպանը:

«Ոստիկանության արձագանքը` իրավական հարթության մեջ չէ: Այն բացատրվում է զուտ գաղափարական ու քաղաքական դրդապատճառներով», - ասել է Բորշևը:

Տեղեկություններ կան, որ ձերբակալվածների շարքում են նաև «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովն ու Բորիս Նեմցովը:

«Դեռ երեկ ոստիկանության կողմից հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերվեց, Պուշկինի հրապարակի հանդիպմանը: Իսկ այժմ նման կոշտ արձագանք է ցուցաբերվում», - ասել է Մոսկվա քաղաքի հասարակական դիտորդական հանձնաժողովի նախագահը:

Ռուսաստանի ընդդրմադիր ակտրվիստները նման միջոցառում էին կազմակերպել, որպեսզի իրենց բողոքն արտահայտեն НТВ հեռուստակայանի կողմից «Բողոքի անատոմիա» (Анатомия протеста) ֆիլմի ցուցադրության կապակցությամբ:
«Բողոքի անատոմիա» ֆիլմը նախօրեին ցուցադրվել էր НТВ ալիքով, և բազմաթիվ մարդկանց վրդովեցրել էր, քանի որ հեղինակները ֆիլմում պնդել են, թե Ռուսաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին մասնակցող անձանց մեջ շատ են եղել այնպիսիք, որ մասնակցել են դրամական վարձատրության դիմաց:

НТВ-ի ֆիլմում ներկայացված դեպքերը վերաբերում են «Սպիտակ օղակ» (Белое кольцо) ընդդիմադիր ակցիային: