Սպիտակ ուղտերի ընտանիքում 10–րդ փորձից գորշ արու է ծնվել
Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքի Роев Ручей կենդանա-բուսաբանական այգու սպիտակ ուղտերի` Այսբերգի և Իզոլդայի ընտանիքում նորածին կա, որը չնայած 10-րդն է, բայց առաջին արուն է, և առաջինր, որը սպիտակ չէ ` հաղորդում է INTERFAX.RU-ն:
«Սա առաջին արու ուղտն է, որ ծնվել է այս զույգից, նրանք մինչ այդ միայն էգ էին ունենում: Նորածինը բացառիկ է նաև իր գույնով»,- գործակալությանը հաղորդել է այգու տեղեկատվական բաժնի ղեկավար Մարինա Շիլիկովան:
Նրա խոսքերով, նորածինը շուտով մեկ ամսեկան կդառնա: Նրան շշով կերակրում են այգու աշխատակիցները: «Մենք նրան կես լիտր բարձր յուղայնությամբ կովի կաթ ենք տալիս, այն էլ յուրաքանչյուր 3 ժամը մեկ», - պատմել է Շիլիկովան:
Նորածին ուղտը դեռևս անուն չունի, այն պետք է ընտրեն քաղաքի բնակիչները:









