Զինծառայողների քվեարկությունը պետք է կազմակերպել հենց զորամասերում. ՀԿ հիմնադիր

12:53 • 19.03.12

Զինծառայողների բազմակի քվեարկությունն արգելափակելու և սպայական կազմի հրամանով գերագույն գլխավոր հրամանատարի քաղաքական ուժի օգտին քվեարկելուց խուսափելու համար, «Ժայռ» համահայկական երիտասարդական կազմակերպության հիմնադիր Ալեքսանդր Մինասյանն առաջարկում է ընտրություններն անցկացնել այնտեղ, որտեղ ծառայում են զինծառայողները:

«Եթե ասվում է, որ բանակայինը ընտրում է մի քանի անգամ, առաջարկում եմ, որ ընտրություններն անցկացնեն հենց բանակում, զինվորականը չտեղաշարժվի և իր գործը տեղում կատարի: Դրանով զինվորներին օգտագործել մի քանի անգամ քվեարկելու մի տեղամասից տանելով մյուս տեղամաս, արդեն անհնարին է դառնում»,-ասաց նա և նշեց, որ արդեն իսկ իմանալով զինվորականների թվաքանակը, չեն կարող այն կրկնակի ներկայացնել:

Ըստ նրա, դա նաև թույլ չի տա լրացուցիչ ծախսեր կատարել, զինվորներին մեքենաներով բերել, վառելիք ծախսել և այլն: Ալեքսանդր Մինասյանը, ով 1994-1996 թթ. ՀՀ Պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի հիմնադիր-տնօրեն էր, 1996-1997թթ. ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ռեկտորը հավատացրեց, որ իր օրոք նման կեղծումներ չեն եղել:

Ընտրությունների հանրային վերահսկողության անհրաժեշտության վերաբերյալ Հայաստանի քաղաքագետների միությունում հրավիրված լսումներին, որը, մասնավորապես, վերաբերում էր զինվորականների քվեարկության խնդրին, ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը նույնպես կողմ արտահայտվեց առաջարկին, քանի որ ըստ նրա, արդեն եթե պարզվի, որ 100% քվեարկել են հօգուտ գերագույն գլխավոր հրամանատարի, կնշանակի, որ թվերը պարզ ցույց կտան, որ քվերակել են սպայական կազմի հրամանով:

Վերջերս ՀԱԿ-ից դուրս եկած «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ, Գորիսի նախկին քաղաքապետ, Գորիսում մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրած Սամվել Հարությունյանը նույնպես դեմ չէր նման առաջարկին: Անձնական փորձից ելնելով, նա հաստատեց, որ զինվորականները 90%-ով քվեարկում են ի օգուտ գործող իշխանությունների: «Տառապանքս փորձ ունի։ Հանգամանքների բերումով 4 անգամ մեծամասնականով ընտրությունների եմ մասնակցել: Այս հարցում ամաչելու մեծ տեղ ունենք, քանի որ բոլորս էլ գիտենք, որ ընտրությունները 91-ից հետո անցել են խայտառակ ձևով ։ Ոտնահարվել և բռնաբարվել է մեր ժողովրդի ժողովրդավար իշխանություն կազմելու իրավունքը»,-ասաց նա:

Խոսելով փաստերով, նա նշեց, որ 1995 թ.-ին մեծամասնական ընտրակարգով մասնակցելով Գորիսում, նա խնդրել էր նույն տեղամասի մյուս թեկնածուին զինվորների բոլոր ձայները հաշվարկել իր օգտին. «Որպեսզի չստորացվեն զինվորները, ես նրան ասացի այդ երկուսուկես հազար մարդկանց ձայները ձեզ եմ նվիրում, մենակ մի բերեք դիրքերից»: