Արարատ Զուրաբյանն ինքը չի ցանկացել ընդգրկվել ցուցակում. «Ազատ դեմոկրատներ»

11:04 • 19.03.12

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Արարատ Զուրաբյանն ինքը ցանկություն չի հայտնել ընդգրկվելու «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակում, այս մասին Tert.am–ին հայտնեց «Ազատ դեմոկրատների» մամուլի քարտուղար Անժելա Խաչատրյանը:

«Ցանկացած դեպքում ցուցակը քննարկվում է։ Րաֆֆի Հովհաննիսյանը քննարկել է իրենց խորհրդի նիստում, մենք էլ մեզ մոտ ենք քննարկել»,- ասաց Անժելա Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ երեկ կայքերից մեկը տեղեկացրել էր, որ ցուցակի հետ կապված ներքին դժգոհություններ կան «Ազատ դեմոկրատներում», ինչի կապակցությամբ էլ երեկ ուշ երեկոյան կուսակցությունում հրավիրվել է նիստ, որին ներկա է եղել նաև Արարատ Զուրաբյանը:

Հարցին, թե այսպիսով, կուսակցության մամուլի խոսնակը կարող է վստահաբար պնդել, որ կուսակցությունում չկան դժգոհողներ, Անժելա Խաչատրյանն ասաց. «Ես որևէ մեկի փոխարեն վստահաբար ոչինչ չեմ կարող պնդել։ Ես ասում եմ այն, ինչ եղել է. քննարկումների հետևանքով վերջնական որոշումը կկայանա»: