Պիտի հասկանանք ուր ենք գնում, ինչպես և ինչքան ժամանակում ենք գնալու. Արման Սահակյան (տեսանյութ)

10:22 • 19.03.12

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ և Գյումրիի թիվ 34 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրվելու մտադրություն ունեցող Արման Սահակյանը Գյումրիի իր կեցավայրում օրերս ընդունել է գյումրեցի լրագրողներին և պատասխանել նրանց հետաքրքրող մի շարք հարցերի։

Լրագրողները նախ հետաքրքրվել են ՀՀԿ–ին անդամակցելու շարժառիթների մասին (հարցազրույցի օրը նա դեռ չէր անդամակցել ՀՀԿ–ին –Tert.am)։ «Շիրակ» ՖԱ նախագահը շեշտել է, որ հիմնական շարժառիթը իշխող կուսակցության ներուժը ի նպաստ Գյումրիի ծառայեցնելու հնարավորությունների ձեռքբերումն է և Գյումրիի շահերը Երևանում ներկայացնելը։

Գյումրիի շահերը Երևանում ներկայացնելն էլ դարձել է «Շանթ» հեռուստաընկերության թղթակցի հարցի առիթ, ով մեջբերելով Արման Սահակյանի՝ նախկինում տված հարցազրույցներից մեկում հնչած այդ միտքը, հարցրել է, թե միթե մինչ այս Գյումրիի շահերը Երևանում ներկայացնող չի եղել, և արդյո՞ք նա իր համար ստեղծում է նոր «պաշտոն»՝ «Գյումրիի դեսպանը Երևանում»։ Հարցին ի պատասխան Արման Սահակյանը պատասխանել է, որ, իհարկե, նախկինում եղել են մարդիկ, բայց ինքը նպատակ ունի իրական արդյունքների հասնել։

«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցն էլ հարցրել է, թե արդյոք Գյումրիում առաջադրվել պատրաստվող մարդը, որ Երևանից է եկել, մտավախություն չունի տեղում չճանաչված և «դրսի մարդ» լինելու խնդրի կապակցությամբ, հատկապես, եթե հաշվի առնել «գյումրեցու արժանապատվությունը»։ «Ընդունում եմ, որ մի ստվար զանգված կա, որ ինձ դեռ չի ճանաչում, բայց մինչև ընտրություններ, կարծում եմ, կհասցնենք բոլորի հետ էլ ծանոթանալ»,– ասել է Արման Սահակյանը՝ հավելելով, որ չի կարծում, որ Գյումրիում առկա ներկայիս ծանր սոցիալական պայմաններում գյումրեցու համար մեծ կարևորություն է ներկայացնում թեկնածուի «դրսից» կամ «ներսից» լինելը։ «Ճիշտ հասկացեք ինձ, ես որոշել եմ առաջադրվել Հայաստանի ամենածանր սոցիալ–տնտեսական վիճակում գտնվող վայրում, իսկ դա հեշտ որոշում չէ»,– ասել է նա։

Ընդհանուր հաշվարկով Հայաստանի 10 խոշորագույն հարկատուներից մեկը համարվող Արման Սահակյանը պատասխանել է նաև խոշոր բիզնեսների սեփականատեր լինելով հանդերձ խորհրդարան մտնելու դրդապատճառների մասին հարցին։ «Միգուցե մի քիչ պրիմիտիվ հնչի, բայց հավատացնում եմ ձեզ, որ ես Ազգային ժողով եմ ուզում մտնել, որովհետև ես սիրում եմ իմ երկիրը, ուզում եմ ապրեմ իմ երկրում։ Եթե ես չունենայի «Շիրակ», իմ ընտանիքը կարող էր ապրել Մոնակոյում, և այլն։ Բայց սա իմ ընտրությունն է, և ես չեմ ուզում ապրել իմիջիայլոց և բողոքել։ Եթե ես մի ոլորտում հաջողակ եմ եղել, հիմա էլ ուզում եմ մեկ այլ ոլորտում մեկ այլ բան անել, և անելու բաներ շատ կան»,– ասել է վերջերս իր ծննդյան 34-ամյակը նշած Սահակյանը։

Արման Սահակյանը նաև իր վերաբերմունքն է արտահայտել ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու անհրաժեշտության վերաբերյալ խոսակցություններին և ասել, որ այս փուլում դեմ է, դրան, որովհետև դա կխանգարի տարածքային առումով՝ պատգամավորների պատասխանատու լինելուն։ «Եթե ես այս պահին մեծամասնականով եմ առաջադրվում, ես չեմ կարող ասել, որ ես դեմ եմ դրան։ Եթե այս դաշնամուրը ինձ համար գեղեցիկ չէ, ուրեմն չպիտի լինի իմ տանը»,– ասել է Արման Սահակյանը։ Հակառակ պարագայում, ըստ նրա, պետք է լինի երկպալատ խորհրդարան։

Խոսելով Գյումրիի տնտեսական զարգացման խնդիրներից, Արման Սահակյանն ասել է, որ լավ մշակված տնտեսական ծրագիր ունի, որը շուտով գրքի տեսքով կներկայացնի գյումրեցիների դատին։ Ինչ վերաբերում է Հայաստանի ամենաաղքատ մարզի մարզկենտրոնի սոցիալական խնդիրները լուծելու իր տեսլականին՝ նա ասել է. «Սոցիալական հարցերի հաղթահարման միակ ճանապարհը աշխատատեղեր ստեղծելն է։ Որևէ այլ ձև ես չեմ տեսնում, որպեսզի մարդն իր տանը, իր քաղաքին կապված ապրի»։
Ամփոփելով Գյումրու զարգացման խնդիրների մասին իր տեսակետները՝ Արման Սահակյանն ասել է, որ դրանք համակարգային, ընդհանուր լուծումներ են պահանջում։ «Պիտի հասկանանք ուր ենք գնում, ինչպես և ինչքան ժամանակում ենք գնալու»,– ասել է նա։

Նա նաև պատրաստակամություն է հայտնել քարոզարշավի ընթացքում «մեծ հաճույքով» ուղիղ եթերում բանավիճել իր մրցակիցների հետ։

Հարցազրույցի վերջում «Շիրակի» նախագահն իր համոզմունքն է հայտնել, որ իր ղեկավարած թիմը կանցնի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ, որն, ի դեպ, անկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ անցկացվելու է Գյումրիում, ինչի առիթով էլ ակումբի ղեկավարությունը նպատակ ունի ապրիլի 29-ին վերանորոգումից հետո վերաբացել ակումբի մարզահամալիրը՝ իր նորացված մարզադաշտով։