ՀՀԿ ցուցակի 20-յակն է պաշտոնական, մնացածը հնարավոր է փոփոխվի. Արտակ Զաքարյան
Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ցուցակի առաջին քսանյակն է միայն պաշտոնական, իսկ մնացածը հնարավոր է և փոփոխությունների ենթարկվի։
«Երեկ ՀՀԿ-ն ներկայացրեց իր նախընտրական ցուցակը, որը բավականին ընդգրկուն է: Կարծում եմ` դա լավագույն կազմն է, ով ի զորու կլինի կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք պաահովելու են մեր պետության բնականոն զարգացումը»,- ասաց պատգամավորը։
Արտակ Զաքարյանը հույս ունի, որ մյուս քաղաքական ուժերն էլ են նույն տրամաբանությամբ իրենց կազմը ներկայացնելու, քանի որ հաջորդ 5 տարիները «շատ կարևոր են լինելու» և «պետք է պատշաճ կերպով պատրաստվել»:
Արտակ Զաքարյանը դժվարացավ ասել, թե ինքը ցուցակի որ տեղում է։ «Երբ որ ցուցակը ԿԸՀ ներկայացվի, այն ժամանակ պարզ կլինի»,- նշեց նա` չբացառելով, որ ընտրացուցակը հնարավոր է ներկայացվի հենց վերջին օրը` մարտի 22-ին:
Նշենք, որ երեկ ՀՀԿ-ի կողմից հրապարակված 76 տեղից բաղկացած ցուցակում Արտակ Զաքարյանը բացակայում է։ Բացակայում են նաև հայտնի այլ ՀՀԿ-ականներ:
Պատգամավորը նորմալ է համարում այն, որ հանրությանը անհայտ անձինք ընդգրկված են ցուցակի վերջին, իսկ հայտնի ՀՀԿ-ականները կլինեն հետին տեղերում։ Ավելին, Զաքարյանը կարծում է, որ խնդիրը հորիզոնականի մեջ չէ։
«Պետք չէ այդպես ասել, բոլորն էլ ՀՀԿ-ական են և համապատասխան դերակատարությունն ունեցել են: Խնդիրը հորիզոնականի մեջ չէ. նախորդ ընտրությունների ժամանակ ես 105-րդն էի, բայց գնացի խորհրդարան: ՀՀԿ ցուցակում չկան պատահական մարդիկ և չկան այնպիսինները, որ կարող են ստվեր գցել մեր կուսակցության վրա»,- նշեց բանախոսը:
Հարցին, արդյոք պատգամավորը պատկերացնում է օրենսդիրում գեներալ Մանվել Գրիգորյանին, բանախոսը պատասխանեց. «Այո, պատկերացնում եմ և նա բավականին լավ դերակատարություն է ունենալու»:
Անդրադառնալով փաստին, որ մշակութային գործիչները հատկապես հիմա են անդամակցում ՀՀԿ-ին, Արտակ Զաքարյանն ասաց, որ մշտապես համագործակցությունը եղել է նրանց հետ, պարզապես պահը հիմա էր հասունացել:









