Մաշտոցի այգու շուրջ բարձրացված աղմուկը շոու է. Արտակ Զաքարյան

15:01 • 19.03.12

Երևանի Մարգարյան հիվանդանոցի հարևանությամբ գտնվող Մաշտոցի այգու շուրջ բարձրացված աղմուկն ընդամենը շոու է և քաղտեխնոլոգիա, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաստանի հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը:

«Ցավոք մեր երկրում քաղաքացիական նախաձեռնություններն ունենում են թաքնված նպատակներ և այնքան էլ այն նպատակները չեն հետապնդում, ինչ պահանջում են»,- ասաց պատգամավորը:

Արդյոք սա նշանակում է, որ այս ամենը դրսի ուժերի հրահրմամբ է կատարվում հարցին`պատգամավորը դրական պատասխանեց՝ ավելացնելով, որ, իր կարծիքով, սա այն խնդիրը չէ, որի համար արժե մտահոգվել:

«Մաշտոցի այգին ոչնչից մեծ աղմուկ է, որի հիմքում բնապահպանական խնդիր չկա»,- ավելացրեց բանախոսը:

Արտակ Զաքարյանը նշեց, որ եթե նախաձեռնությունները լինեն առողջ և առողջ նպատակներ ունենան,ապա ինքը միայն կողջունի դրանք: