Մինչ Սիրիան հրի մեջ է, առաջին տիկինը զբաղված է շոփինգով. The Guardian

15:18 • 19.03.12

Սիրիայի առաջին տիկին Ասմա ալ-Ասադին, հավանաբար, չեն հուզում երկրում տեղի ունեցող անկարգությունները, քանի որ նա խիստ զբաղված է` թարմացնում է իր զգեստապահարանը, գրում է բրիտանական The Guardian-ը:

Թերթի «ձեռքն» են ընկել նախագահ Բաշար ալ Ասադի ու նրա տիկնոջ էլեկտրոնային նամակները, որտեղ, ամենից զատ, խոսվում է նաև Ասմայի կողմից ինտերնետով կատարված ճոխ գնումների մասին:

Թերթին պարզ է դարձել, որ Ասմա Ասադը 3.795 ֆունտով ձեռք է բերել Christian Louboutin-ի էքսկլյուզիվ կոշիկներ, ինչպես նաև դեղին ու սպիտակ ադամանդներով թանկարժեք զարդեր` Փարիզից:

Նամակներից մեկում նա իր ընկերների կարծիքն է հարցրել գնված կոշիկների վերաբերյալ: Առաջին տիկնոջ ընկերուհիներից մեկը պատասխանել է շատ կարճ ու ոչ հուսադրող.«Չեմ կարծում, որ դրանցով մոտ ապագայում ինչ- որ տեղ կարելի կլինի գնալ, ցավոք»:

Թերթը գրում է, որ դժվար է պատկերացնել, թե այդ կոշիկներով ուր կարող է գնալ Ասման` հաշվի առնելով, որ երկրում, նախկինի պես, մեղմ ասած` անհանգիստ իրավիճակ է:

«Նա, հավանաբար, դրանք ստիպված կլինի կրել տանը», - գրում է պարբերականը` հավելելով, որ Ասման դեռ շատ ունի հասնելու մեկ այլ «շոփինգամոլի»` ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամային:

«Առաջին` նա միայն մեկ սեքսուալ ներքնազգեստի վրա վերջերս ծախսել է 150.000 դոլար, երկրորդ` Միշել Օբամայի` խանութներով զբոսանքի համար փակվել է մի ամբողջ փողոց: Եվ վերջապես` Միշելը տեղ ունի դրանք կրելու: Սովորիր, Ասմա, ինչպես պետք է ծախսել ամուսնու փողերը»,- գրում է The Guardian-ը:

Հիշեցնենք, որ Սիրիայում մեկ տարի է բախումներ են տեղի ունենում կառավարական զորքի ու Ասադի ռեժիմի հակառակորդների միջև: Այս ժամանակահատվածում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհվել է 8.000 մարդ: