Ծառայել եմ, ծառայելու եմ. Անահիտ Բախշյանը վաղը կառաջադրվի 12-րդ ընտրատարածքում
««Ծառայել եմ, ծառայելու եմ». այս կարգախոսով եմ մտնում ընտրապայքարի մեջ և պատրաստ եմ շարունակելու այն աշխատանքը, որն սկսել եմ 2007 թվականից». Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Անահիտ Բախշյանը, պատասխանելով հարցին, թե երբ է վերջինս պատրաստվում առաջադրելու իր թեկնածությունը:
«Իմ բոլոր փաստաթղթերը արդեն պատրաստ են: Ես վաղը այդ փաստաթղթերը կներկայացնեմ 12-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին և կառաջադրվեմ պատգամավորի թեկնածու Շենգավիթ համայնքն ընդգրկող 12-րդ ընտրատարածքում»,-ասաց Անահիտ Բախշյանը:
Հիշեցնենք, որ 12-րդ ընտրատարածքից ընտրված և գործող պատգամավորը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Վերսանդիկ Հակոբյանն է, ով այս անգամ չի առաջադրվելու, սակայն նրա փոխարեն ԲՀԿ-ն որոշել է առաջադրել ծագումով ապարանցի Լյովա Խաչատրյանին: Այսօր նույն ընտրատարածքում էլ պատգամավորի թեկնածու է առաջադրվել Հայ ազգային կոնգրեսի անդամ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր որդին՝ Տիգրան Տեր-Պետրոսյանը:
«Ես այդ ընտրատարածքում ունեմ շատ լուրջ ընտրազանգված. ինձ շատերն են ճանաչում: Դեռ 1999 թվականից, երբ դարձա թիվ 27 դպրոցի տնօրեն, շատ հեռուն գնացող ծրագրեր եմ իրականացրել: Հիմա էլ, անգամ չլինելով պատգամավոր այդ ընտրատարածքից, ես շատ հարցեր եմ բարձրացնում Շենգավիթի բնակիչների համար: Ես միշտ ծառայել եմ իմ ժողովրդին և միշտ ծառայելու եմ, ահա այս կարգախոսն եմ ընտրել: Պատրաստ եմ նաև ներկայացնելու հաշվետվություն, թե ինչ եմ արել և առաջիկայում ինչ ծրագրեր ունեմ անելու»,- ասաց Անահիտ Բախշյանը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորը նշեց նաև, որ ընտրախախտումներին հետևելու է և անձամբ ամեն ինչ անելու է` դրանց դեմ պայքարի համար. «Ես մինչև վերջ եմ պայքարելու, թույլ չեմ տա, որ որևէ խախտում լինի»,-ասաց Ա. Բախշյանը:
Վերջինս նշեց նաև, որ ընտրախատումների դեմ պայքարի համար պատրաստ է համագործակցել անգամ իր հակառակորդ թեկնածուների հետ:









