«Եվրատեսիլ» - լուսավոր ժամանց` մութ վայրում. The Independent
Բրիտանական The Indipendent պարբերականն անդրադարձել է Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին, ինչպես նաև Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված ցածր մակարդակին ու Ալիևի ավտորիտար ռեժիմին:
Անցյալ տարի,երբ Ադրբեջանը հաղթեց «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում, երկրի իշխանություններին` ի դեմս նախագահ Իլհամ Ալիևի, լավ հնարավորություն ընձեռնվեց Եվրոպային ցույց տալու բնական պաշարներով հարուստ երկրի աճող տնտեսությունը: Այդ ժամանակ մարդու իրավապաշտպան ակտիվիստները հուսով էին, որ բարձրաշխարհիկ միջոցառման անցկացումը կստիպի ավտորիտար ռեժիմին բարելավել երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը: Այժմ, մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունները փաստում են` վիճակն այստեղ էլ ավելի է վատացել. գրում է The Independent-ը:
Պարբերականը գրում է, որ անցյալ ամիս Human Rights Watch կազմակերպության հրապարակած զեկույցից երևում է, թե ինչպես իշխանությունների` Բաքուն «գեղեցկացնելու» ծրագրի արդյունքում հազարավոր մարդիկ ստիպողաբար դուրս են հանվել իրենց տներից` առանց համապատասխան դրամական փոխհատուցման: Իսկ ովքեր հրաժարվել են լքել իրենց բնակարանները, զրկվել են ջրամատակարարումից և էլեկտրաէներգիայից:
The Independent-ը հիշեցնում է, որ նման մի միջադեպ է տեղի ունեցել 25 հազար տեղանոց է Baku Crystal Hall Stadium-ի կառուցման ընթացքում, որտեղ պետք է անցկացվի «Եվրատեսիլ 2012»-ը:
«Ալիևի կառավարությունը հերքում է, որ այդ դահլիճը կառուցվում է հատուկ մրցույթի անցկացման համար, պնդելով, որ դրա կառուցումը նախատեսվում էր դեռևս մինչը երգի մրցույթում հաղթելը: Բայց մարդկանց բռնի տեղահանումը տներից Ադրբեջանում մարդու իրվունքների խնդիրների մի փոքր մասն են միայն», - փաստում է նա:
Հանրահայտ պարբերականը նաև գրել է, որ Հեյդար Ալիևի մահվանից հետո` 2003 թ.-ին ավտորիտարիզմի չափանիշներն այս երկրում աճել են: Նավթից ստացված միլիոնավոր դոլարների եկամուտներն օգտագործելով կրտսեր Ալիևը կարողացավ հաղթել ընտրություններում և կտրել ընդդիմության ձայնը:
«Արաբական գարնանից» ոգեշնչված ընդդիմադիր խմբերը մի քանի բողոքի ակցիաներ կազմակերպեցին Բաքվում և մյուս մեծ քաղաքներում` կոռուպցիայի և ժողովրդավարության բացակայության դեմ: Սակայն այդ ընթացքում բազմաթիվ մարդիկ ձերբակալվեցին և բանտարկվեցին` քաղաքական գործիչներ, լրագրողներ, բլոգերներ»,- ասված է հոդվածում:
Թեև Ադրբեջանն Եվրոպական Հեռարձակողների Միությանն վստահեցրել է, որ մրցույթի անցկացման ժամանակ երկրում կապահովվի մասնակից երկրների պատվիրակությունների խոսքի ազատությունը, սակայն ադրբեջանցի ակտիվիստներն ու մարդու իրավուքների պաշտպանության ջատագովները թերահավատությամբ են վերաբերվում իշխանությունների խոստմանը:
Ոմանք կոչ են անում բոյկոտել մրցույթը, սակայն ոչ բոլոր ակտիվիստներն են համաձայն դրան: Շատերը հույս ունեն, որ միջազգային իրադարձության անցկացումն այստեղ հնարավորություն կտա ուշադրություն սևեռել այդ հարցերի վրա:
Վերջում պարբերականը հիշեցնում է վերջին ամիսների ընթացքում Բաքվում մարդու իրավունքների աղմկահարույց խախտումները: 2011 թ.-ի նոյեմբերին սպանվեց լրագրող Ռաֆիք Տագին: Իսկ 2012-ի մարտին Amnesty International կազմակերպության տվյալներով առնվազն 17 խաղաղ ցուցարարներ են հայտնվել բանտում:









