Ֆիդել Կաստրոն տեղյակ է եղել Քենեդիի մահափորձի մասին
ԱՄՆ-ի Կենտրոնական Հետախուզական Վարչության Լատինական Ամերիկայի անվտանգության հարցերով նախկին ղեկավար Բրայան Լեթալը` իր վերջերս հրատարակված «Կաստրոյի գաղտնիքները» գրքում հետաքրքիր փաստեր է ներկայացրել 20-րդ դարի ամենահայտնի` ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի սպանության վերաբերյալ, տեղեկացնում է the Guardian-ը:
Գրքի համար հիմք են հանդիսացել ԱՄՆ-ի կառավարության գաղտնի փաստաթղթերում պահվող` Կուբայի անվտանգության նախկին աշխատակիցների հարցազրույցները:
Ըստ Լաթելի` Կաստրոն տեղեկացված է եղել նախատեսված մահափորձի մասին:
Սպանությունից մի քանի օր առաջ մարդասպանը` Լի Հարվի Օսվալդը դիմել է Կուբայի դեսպանատուն վիզա ստանալու նպատակով, սակայն մերժվելով, զայրացել է և դեսպանատան աշխատակիցների ներկայությամբ հայտարարել, որ պատրաստվում է սպանել ԱՄՆ-ի նախագահին: Այս միջադեպին հաջորդած իր ելույթում Կաստրոն անվտանգության աշխատակիցներին կոչ է արել որևէ ուշադրություն չդարձնել Օսվալդի հայտարարությանը:
Նախագահի սպանության օրը` 1963թ.-ի նոյեմբերի 22-ի առավոտյան,Կաստրոն Հավանայի անվտանգության հարցերով գլխավոր ղեկավար Ֆիորենտինո Ասսպիալլագին հրամայել է այլ հարցերով չզբաղվել և ուշադիր լինել Տեխասից ստացված յուրաքանչյուր նորությանը: Չորս ժամ անց ստացվել է Քեննեդիի սպանության լուրը:
Հեղինակը չի պնդում, որ հենց Կաստրոն է պատվիրել Քեննեդիի սպանությունը, կամ որ մարդասպանը եղել է նրա անմիջական տնօրինության տակ, սակայն վստահ է որ Կուբայի առաջնորդը տեղյակ է եղել սպասվելիք մահափորձից և ոչինչ չի ձեռնարկել Օսվալդին կանգնեցնելու համար:
Ըստ Լաթեյի Կաստրոն լուրջ պատճառներ է ունեցել Քեննեդիի` իր ոխերիմ թշնամու, մահը ցանկանալու համար, քանի որ ԱՄՆ նախագահն ամեն կերպ ջանացել է վերացնել Կաստրոյին: ԱՄՆ-ի կառավարության կողմից բազում անհաջող փորձեր են արվել, պայթուցիկ նյութերով լցված սիգարներ և թունավոր գրիչներ օգտագործելով, սպանել Կուբայի առաջնորդին: Սակայն Կաստրոյին «հանգիստ են թողել միայն Քենեդիի սպանությունից հետո»: Ուստի Լաթելը չի բացառում, որ դա «ինքնապաշտպանության հարց է եղել»:









