Ֆրանսիայում նախընտրական միջոցառումները հետաձգվել են

19:21 • 19.03.12

Ֆրանսիայի նախագահի երեք հիմնական թեկնածուներից երկուսը`գործող նախագահ Նիկոլա Սարկոզին ու սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը, հետաձգել են իրենց ընթացիկ նախընտրական միջոցառումները` Թուլուզի հրեական դպրոցում չորս մարդկանց սպանության պատճառով, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը: Հիշեցնենք, որ հրեական դպրոցում անհայտ հանցագործը սպանել էր երեք աշակերտի ու մեկ ուսուցչի:

Նրանց մրցակից` աջակողմյան Մարի Լը Պենի ծրագրերի փոփոխության մասին դեռ ոչինչ չի հաղորդվում:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Սարկոզին ու Օլանդն այսօր շտապ ժամանել են Թուլուզ, որտեղ հրապարակայնորեն քննադատել են սպանությունը` այն անվանելով «ազգային ողբերգություն» և «նողկալի հանցագործություն»:

Գործող նախագահը ողբերգության վայր է այցելել մի շարք նախարարների, բարձրաստիճան անձանց ու երկրի հրեական համայնքի առաջնորդների ուղեկցությամբ: Նա խոստացել է գործադրել բոլոր ջանքերը հանցագործի հայտնաբերման ուղղությամբ:

Ողբերգության կապակցությամբ քննադատական ելույթներ են ունեցել նաև Եվրահանձնաժողովի և այլ եվրոպական կառույցների ներկայացուցիչները:

Ներկայում Ֆրանսիայում ընթանում է նախագահական նախընտրական քարոզարշավ: Ընտրությունների առաջին փուլը կանցկացվի ապրիլի 22-ին: