Իսրայելի նախագահը շնորհավորել է իրանցիների Ամանորը

20:09 • 19.03.12

Իրանական ամանորի` Նովրուզի կապակցությամբ, Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը շնորհավորական ուղերձով դիմել է աշխարհի բոլոր ծայրերում բնակվող իրանցիներին, գրում է «Եդիոտ Ահրոնոտ»-ը:

Իր ուղերձում հրեական պետության ղեկավարը բոլոր իրանցիներին մաղթել է «ազատության, պատվի ու մարդկային արժանապատվության զգացողությամբ իրական, և ոչ կեղծ տոն»:

Պերեսի ուղերձի մյուս մասն առնչվել է Իրանի քաղաքական-տնտեսական իրավիճակին: Նա, մասնավորապես, դիմել է իրանցիներին` ասելով. «Երբեք ուշ չէ փոխել փտած ռեժիմը և վերադարձնել Պարսկաստանի հզոր ժառանգությունը` մշակույթն ու արժեքները` ռումբերի ու հրթիռների փոխարեն»:

«Աշխարհի երբեմնի սիրելի Իրանը վերածվում է համընդհանուր թշնամու», - ասել է Պերեսը:

Ինչ վերաբերում է Իրանի տնտեսությանը` Պերեսն ասել է, որ «մարդիկ ապրում են աղքատության ու սովի մեջ` իշխանությունների մեղքով, որոնք իրենց բոլոր միջոցներն ուղղում են ուրանի հարստացմանը»: Նրա խոսքով` «ուրանով սովածին չես կշտացնի»:

Վերջին ամիսներին Իրանի ու Իսրայելի միջև հարաբերությունները զգալիորեն սրվել են: Երուսաղեմը չի թաքցնում իր ցանկությունը ամեն գնով վերջ դնել «Թեհրանի ռազմական միջուկային ծրագրին»: Իրանը, սակայն, պնդում է, որ ատոմային ոլորտում իր մշակումները կրում են բացառապես խաղաղ բնույթ: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկիրը կարող է ռազմական գործողությունների անցնել առաջիկա ամիսների ընթացքում: