«ՀԱՅԱԿ» մրցանակաբաշխություն. անկախ Հայաստանի 20 տարիների լավագույն ֆիլմերը

10:44 • 19.03.12

Ազգային կինոյի առաջին`«ՀԱՅԱԿ» մրցանակաբաշխությունը երեկ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ամփոփեց անկախ Հայաստանի 20 տարիների կինոարտադրանքը:

1991-2011 թթ. ընկած ժամանակահատվածում միայն Հայաստանում արտադրված ֆիլմերից մրցանակաբաշխությանը ներկայացվել էր 92 ֆիլմ, այդ թվում` 28 լիամետրաժ, 22 կարճամետրաժ, 10 անիմացիոն և 32 վավերագրական:

Սահմանված 12 անվանակարգերում հաղթողներն արժանացան «ՀԱՅԱԿ» արձանիկների: Երկու ձեռքերի ցուցամատերի և բթամատերի միացությունը պատկերող 42 սմ բարձրությամբ արձանիկի պատվանդանը մարմարից է, իսկ էմալապատ և ոսկեջրված ձեռքերի միացությունը` բրոնզից:

Լավագույն խաղարկային ֆիլմ ճանաչվեց Վիգեն Չալդրանյանի «Ձայն բարբառո...» ֆիլմը, լավագույն ռեժիսոր` Հարություն Խաչատրյանը` «Սահման» ֆիլմի համար, լավագույն դերասանուհի` Աննա Էլբակյանը, լավագույն դերասան` Միքայել Պողոսյանը:

«Լավագույն սցենարի հեղինակ» անվանակարգում մրցանակի հաղթող ճանաչվեցին Առնոլդ Աղաբաբով-Զորայր Խալափյան զույգը, «Լավագույն նկարիչ» ճանաչվեց Վարդան Սեդրակյանը, «Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգում` Յուրի Հարությունյանը` «Խճճված զուգահեռներ», «Մաեստրո» և «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» ֆիլմերի երաժշտության համար:
«Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Գագիկ Հարությունյանի «Յարխուշտա»-ն, «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում Վարդան Հովհաննիսյանի «Պատմություններ պատերազմի և խաղաղության մասին» ֆիլմը։ «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Գայանե Մարտիրոսյանի «Տարաշխարհիկները» ֆիլմերը:

«Լավագույն դեբյուտ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմը:
Հայկական կինոյի զարգացման ներդրում ունենալու համար մրցանակներ ստացան ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը, նաև օպերատոր Լևոն Աթոյանը և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայ անվանի դերասան Սոս Սարգսյանը, ով նաև նախագահում էր մրցանակաբաշխության ժյուրիի կազմը:

Մրցանակաբաշխության նախաձեռնությունը «Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի», Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Orange Արմենիա» ընկերությանն էր, որն այսուհետ կդառնա ամենամյա։