ՆԺԿ–ն մայիսվեցյան «ներկայացմանը» մասնակցելն աննպատակահարմար է համարում

11:17 • 19.03.12

Կիրակի, մարտի 18-ին ժամը 14:00-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի է ունեցել «Նոր Ժամանակներ» կուսակցության ակտիվի հերթական ժողովը, որի ընթացքում քննարկման գլխավոր թեման եղել է մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության հարց: Այս մասին տեղեկացնում է կուսակցության մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը մասնակցել են ՆԺԿ տարածքային կառույցների ղեկավար մարմինների և քաղաքական խորհրդի անդամները:
Կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը հանգամանալից ներկայացնելով 2011թ. դեկտեմբերի 2-ից հետո ընթացող հետհամագումարյան քաղաքական խմորումների ողջ տրամաբանությունը, փաստելով, որ Հայաստանի և Հայ Ժողովրդի շուրջ առկա քաղաքական իրավիճակի ներհայաստանյան, տարածաշրջանային և գեոքաղաքական բաղադրիչների պատմաքաղաքագիտական համադրումը համոզմունք է ստեղծել, որ մայիսվեցյան համապետական ընտրությունը` իշխող վարչախմբի կողմից վերածվելով կանխորշված քաղաքական շոուի, որևէ կապ չունի «Նոր Ժամանակներ» կուսակցության ծրագրերի և նպատակների իրագործման հետ:

Նա վերահաստատել է նախորդ օրերին ԶԼՄ-ներում հնչեցրած այն տեսակետը, որ իշխանության կողմից ծրագրված այդ «ներկայացմանը» մասնակցելն աննպատակահարմար է: Ժողովի մասնակիցները ծափերով են ընդունել Կուսակցության նախագահի և Վարչության այդ դիրքորոշումը:
Ժողովի մասնակիցների համար հնթացս քննարկման թեմա է դարձել կուսակցության ապագա անելիքները` կապված երկրի առջև ծառացած մարտահրավերների և 2013թ. կայանալիք նախագահական ընտրությունների հետ:

Ժողովը որոշում է կայացրել օրենքով սահմանված նախընտրական քարոզչության փուլից առաջ հրավիրել ևս մեկ ակտիվի առավել ներկայացուցչական հավաք և քննարկել մայիսի 6-ի հետ կապված Կուսակցության մարտավարական քայլերը: