ԱԺ–ում քննարկվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրինագիծը
Խորհրդարանում այսօր շարունակվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի քննարկումը, որն, ի դեպ, առաջին ընթերցմամբ ընդունվեց 2011 թվականի մարտի 1-ին:
Ինչպես առաջին ընթերցման ժամանակ, այս անգամ ևս օրինագիծը կոշտ քննադատության արժանացավ խորհրդարանական ընդիմության ներկայացուցիչ «Ժառանգություն» խմբակցության կողմից:
Ընդդիմության ներկայացուցիչները հիշեցին 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններն ու քննադատեցին հատկապես Զինված ուժերի ներգրավվածությունը:
Զարուհի Փոստանջյանը իր ելույթի ժամանակ նշեց, որ այս քայլով զինվորները ստիպված են լինելու կրակ բացել անգամ իրենց հարազատ ծնողների վրա, ինչին ի պատասխան էլ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ասաց, որ չի կարող պատահել, որ Զինված ուժերն օգտագործվեն քաղաքական դրդապատճառներով:Ստեփան Սաֆարյանը առաջարկեց դիմել Սահմանադրական դատարան և հարցի առնչությամբ ստանալ պատասխան. «Ես ասում եմ, այդ հարգանքի արժանի կառույցին չի կարելի քաշել ներքաղաքական կեղտոտ խաղերի մեջ: Հետո ինքներդ եք զարմանում, թե ինչու են շատերը քննադատում բանակին»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:
Օրենսդրական փաթեթի հիմնական զեկուցող, ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ ԱԺ խմբակցությունների կողմից ստացված առաջարկներն ամբողջովին կամ մասնակի ընդունվել են:









