Կանադայում տոնակատարությունը զանգվածային անկարգության է վերածվել (տեսանյութ)

11:23 • 19.03.12

Կանադայում Սուրբ Պատրիկի օրվա տոնակատարությունը զանգվածային անկարգությունների է վերածվել Օնտարիո մարզի Լոնդոն քաղաքում, գրում է The Vancouver Sun-ը:

Տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքով` անկարգությունները սկսվել էին Ֆանշո քոլեջի մոտ, երբ մի քանի ուսանողական հավաքույթի մասնակիցներ դուրս են եկել վերահսկողությունից: Ոստիկանը նշել է, որ 30 տարվա մեջ երբեք չի տեսել նման վանդալիզմ և բռնություններ:

Երեկոյան ոստիկանություն և հրշեջ ծառայություն ահազանգ է ստացվել ուսանողական թաղամասում հրդեհի մասին: Անկարգության մասնակիցները փողոցում խարույկ են վառել և այրել ինչ պատահի: Հրշեջ ծառայության աշխատակիցների ժամանելուն պես ուսանողները նրանց ուղղությամբ սկսել էին նետել գարեջրի շշեր, աղյուսներ, տախտակներ, աղբ:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները տոնակատարությունը համարել են «անօրինական հավաք» և հրամայել ցրվել, ինչին ուսանողները չեն արձագանքել:

Հավելենք, որ «տոնակատարության» արդյունքում ոստիկանության 17 մեքենա է վնասվել, իսկ քաղաքին 100 հազ. դոլարի վնաս է հասցվել: 11 մարդ ձերբակալվել է: