Ես կլինեմ ցուցակի 100-րդին մոտ տեղում. Ռաֆիկ Պետրոսյան

16:16 • 19.03.12

Հայաստանի հանրապետական կուսակցությասն պատգամավոր Ռաֆիկի Պետրոսյանը կարծում է, որ ինքը կընդգրկվի ՀՀԿ համամասնական ցուցակում, և կլինի 100-ից մի քանի հորիզոնական բարձր, կամ ցածր տեղում, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավորը՝ անդրադառնալով ՀՀԿ համամասնական ցուցակում իրեն դուրս թողնելու խոսակցություններին։

«Այդ խոսակցությունները սկսել են նրանից, երբ ես դեմ եմ քվեարկել «Արտակարգ դրության մասին իրավական ռեժիմի» մասին օրինագծին, սակայն դա եղել է իմ դիրքորոշումը և մեր կուսակցությունից ինձ դուրս չեն թողել»,- ասաց Ռաֆիկ Պետրոսյանը:

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի հանրապետական կուսակցություն» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ Tert.am-ի հետ զրույցի ժամանակ ասաց, որ իր կարծիքով ինքը կնդգրկվի հաջորդ գումարման խորհրդարանում, և կլինի ցուցակի անցողիկ տեղերում:

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց հետևյալը. «Մեր կուսակցության ցուցակի 250 մարդն էլ կարևոր են, և կարևոր անկարևոր մարդ չկա: Ռաֆիկ Պետրոսյանն էլ, Հովհաննես Սահակյանն էլ, մյուսներն էլ կան ցուցակում, և լավ աշխատանքի դեպքում նրանք իրենց տեղը կունենան: Ինչ վերաբերում է անցողիկ-չանցողիկ տեղեր դա որոշում է միայն հասարակությունն իր քվեով»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն իր հերթին լրագրողների հետ զրույցւմ նշեց, որ իրենց կուսակցությունների համամասնական ցուցակի հետ կապված կհրավիրվի ասուլիս, որի ժամանակ մանրամասն կխոսի կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննսիյանը:

«Մեծամասնականի հետ կապված ես առաջադրվելու եմ թիվ 1 ընտրատարածքում և պայքարելու եմ հաղթելու համար»,- ասաց Ս. Սաֆարյանը:

Լրագրողները հետաքրքվեցին, թե որտեղ է այդ թիվ 1 ընտրատարածքը, ինչին ի պատասխան Ստեփան Սաֆարյանն ասաց, որ Ավանն ընդգրկող ընտրատարածքն է, և որ այսուհետ դա կլինի ոչ թե Ռուբեն Հայրապետյանի ընտրատարածքը, այլ Ստեփան Սաֆարյանի ընտրատարածքը:

Նշենք, որ Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյան: Այսօրվա նիստերի ժամանակ ԱԺ-ում մեծ եռուզեռ է տիրում, պատգամավորներն ու ԱԺ աշխատակիցները քննարկում են ցուցակներն ու առաջիկա ընտրությունները: