Դամասկոսում Հայաստանի դեսպանատան մոտ տեղի է ունեցել ոչ թե պայթյուն, այլ փոխհրաձգություն. ԱԳՆ
Այսօր առավոտից որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել որ Դամասկոսում գտնվող ՀՀ դեսպանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել, ինչի արդյունքում 10 հայ է վիրավորվել: Tert.am-ը փորձեց Սիրիայում Հայաստանի դեսպանատնից ճշտել դեպքի մանրամասները, սակայն այստեղից խորհուրդ տվեցին կապվել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի հետ:
Վերջինս տեղեկացրեց, որ տեղի է ունեցել ոչ թե պայթյուն, այլ փոխրաձգություն, ինչի արդյունքում հայեր չեն տուժել:
Սիրիական Սանա գործակալության փոխանցմամբ կառավարական զորքերը առավոտյան հայտնաբերել են զինյալ ընդդիմադիրների Մեզզեյ բնակելի թաղամասում գտնվող թաքստոցը: Զորքը խաղաղ բնակչությանը տարհանել է տարածքից և ընդդիմադիրների ու զորքի միջև բախում է տեղի սկսվել: Ընդդիմադիրներից 2-ը զոհվել են, 3-ը` ձերբակալվել: Զենք-զինամթերք է առգրավվել: Գործողության ընթացքում կառավարական զորքից մեկ զինվոր է զոհվել:
ԱԳՆ խոսնակը նաև տեղեկացրեց, որ երեկվա Հալեպի հայկական թաղամասերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորված հայերը 3-ն են և նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ Tert.am-ը երեկ տեղեկացրել էր, որ Հալեպի Սուլեյմանիե թաղամասում ականապատ ավտոմեքենայի պայթեցման հետևանքով զոհվել էր հայազգի Արաքսի Պետրոսյանը:









