Դամասկոսի կենտրոնում կատաղի մարտեր է ծավալվել

10:08 • 19.03.12

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում կատաղի պայքար է սկսվել իշխանական զորքերի և Սիրիայի Ազատ բանակի մարտիկների միջև:

Ականատեսների խոսքով Մեզզե շրջանում կրակոցների և պայթյունների ձայներ են լսվել:

Reuters գործակալության լրագրողներից մեկը նշել է, որ «գործողությունները ծավալվել են սուպերմարկետներից մեկի մոտ, մի քանի պայթյուններ են լսվել: Փողոցային լույսերն անջատված են: Ոստիկանությունը շրջափակել է մի քանի փողոց»:

Մեզզեն Դամասկոսի կենտրոնական շրջաններից մեկն է, որտեղ տեդակայված են անվտանգության ուժերի մի քանի օբյեկտներ, այդ իսկ պատճառով առավել խստությամբ է հսկվում:

Հավելենք, որ հունվարին Սիրիայի Ազատ բանակին կարճ ժամանակով հաջողվել էր իր հսկողության տակ վերցնել Դամասկոսի մի քանի արվարձանային շրջաններ:

Մեզզեում մեկ անգամ չէ, որ խոշոր հակակառավարական ակցիաներ են անցկացվել: