Սա արժանի ցուցակ է, և մենք հաղթելու ենք. Ստեփան Սաֆարյան
Սարսափելի ոչինչ չկա, որ «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» ընդհանուր նախընտրական ցուցակից լինեն դժգոհողներ, սակայն այն, որ հիմնական մասը կողմ է այդ ցուցակին վկայում են երեկ «Ժառանգության» խորհրդի և վարչության նիստերը, այս մասին Tert.am-ին ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
«Նույն վիճակն է, ինչ-որ 2007 թվականին, երբ կրկին միանշանակ չէր ընդունվում, բայց, իհարկե, արժանի ցուցակ է և նրանում որևէ վատ բան չեմ տեսնում, այն նորմալ և օրինաչափ է, և այնտեղ կան ինչպես նոր, այնպես էլ հանրությանը ծանոթ հին դեմքեր»,-ասաց Ստեփան Սաֆարյանն ի պատասխան այն հարցին, թե իր կարծիքով սա արժանի նախընտրական ցուցակ էր:
Հիշեցնենք, որ «Ազատ դեմոկրատների «հետ կազմած ընդհանուր 25 հոգանոց ցուցակում չհաշված Րաֆֆի. Հովհաննիսյան, Զարուհի Փոստանջյան, Ռուբեն Հակոբյան, Ստյոպա Սաֆարյան քառյակը, «Ժառանգության» կորիզը կազմող կուսակցականները ներառված են ցուցակի այնքան էլ անցողիկ չհամարվող տեղերում՝ Անահիտ Բախշյանը՝ 14 –րդ, Արմեն Մարտիրոսյանը 16-րդ հորիզոնականներում:
Չնայած «Ժառանգության» այս կորիզը ներառված է կուսակցության մեծամասնական ցուցակում, (Արմեն Մարտիրոսյան թիվ 6–ում, Անահիտ Բախշյանը՝ 12 –ում և այլն) այնումամենայնիվ չի բացառվում, որ մեծամասնական շատ ավելի կոշտ մրցապայքարում «Ժառանգության» շատ հայտնի դեմքեր չլինեն ապագա ԱԺ-ում, ավելացրեց: Հարցին, թե հնարավոր է արդյոք նման զարգացում, Ստեփան Սաֆարյանն ասաց. «Ես վաստահ եմ, որ մենք հաղթելու ենք, որովհետև սա հաղթող մեծամասնական ցուցակ է»:
Ըստ որոշ կայքերի հրապարակումների՝ ցուցակի հետ կապված ներքին դժգոհություններ և խմորումներ կան նաև «Ազատ դեմոկրատներում», որտեղից օրինակ՝ ցուցակում ներառված չէ վարչության անդամ Արարատ Զուրաբյանը:
Հարցին, թե հնարավոր դժգոհությունները միայն դաշնակից կուսակցությանը, թե այնուամենայնիվ իրենց էլ վերաբերում, Ստեփան Սաֆարյանը պատախանեց, որ դա իրենց վերաբերում է այնքանով, որքանով ցուցակն ընդհանուր է։
Սակայն նա բնական է համարում, որ ինչպես «Ժառանգությունում», այնպես էլ «Ազատ դեմոկրատներում» կլինեն դժգոհողներ:
Նշենք, որ վաղը «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես կգա մամուլի ասուլիսով, իսկ քիչ հետո լրագրողների հետ կհանդիպի «Ժառանգության» նախկին փոխնախագահ Կարինե Հակոբյանը, ով երեկ ցուցակի հրապարակումից հետո հայտարարեց իր՝ կուսակցությունից հեռանալու մասին:









