Թուլուզում կրակոցների արդյունքում զոհվածների թիվը 4 է. Le Figaro
Այսօր առավոտյան Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի Օզար Հաթորահ հրեական քոլեջի դիմաց իրականացրած կրակոցների արդյունքում 4 մարդ է զոհվել և ևս մեկը ծանր վիրավոր է, տեղեկացնում է Le Figaro-ն:
Քաղաքի դատախազ Միշել Վալեն հայտարարել է, որ «Մոտոցիկլով կամ սկուտերով քոլեջ ժամանած հանցագործը կրակ է բացել այն ամենի ուղղությամբ ինչ տեսել է` երեխաների, մեծահասակների»:
Զոհվածների թվում են 30-ամյա ուսուցիչը և նրա 6 և 3 տարեկան երեխաները, ինչպես նաև մեկ այլ 10 տարեկան երեխա:
Միաժամանակ, դատախազը հայտարարել է, որ լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ այս հարձակումը և Մոնտոբանում օրեր առաջ կատարված զինվորականների սպանությունը կապված են միմյանց հետ:
«Մանրամասներ կան, որոնք փաստում են երկու իրադարձությունների կապը», - ասել է դատախազը:
Օթ-Գարոն մարզի գլխավոր քարտուղար Ֆրանսուա Սուլիմանը հայտարարել է, որ ուժեղացվել է Թուլուզում հրեական կրթահամալիրների հսկողությունը:
Հավելենք, որ Թուլուզ են մեկնել Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլա Սարկոզին, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Օլադը և երկրի Ներքին գործերի նախարար Կլոդ Գուեանը:









