Ամերիկյան ավիակիրը մտել է Պարսից ծոց

15:28 • 20.03.12

Ամերիկյան «Ավրաամ Լինքոլն» ատոմային ավիակիրը` մի քանի ռազմանավերի ուղեկցությամբ, մտել է Պարսից ծոց, այսօր հայտնել են ԱՄՆ ռազմածովային ուժերի լրատվական ծառայությունից: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, ավիակիրը կմտնի տարածաշրջանի նավահանգիստներից մեկը` լիցքավորման համար:

Իսկ Արաբական ծովի հյուսիսային մասում` Իրանի հարավ- արևելյան ափերի մոտ, շարունակում է հերթապահություն իրականացնել «Կարլ Վինսոն»-ի գլխավորած ավիակիր հարվածային խումբը, որն ավիացիոն աջակցություն է ցուցաբերում Աֆղանստանում խաղաղարար ուժերին:

Նախորդ օրերին ավիակիրը հայտնվել էր ուժեղ ավազամրրիկի մեջ, և տախտակամածային ավիացիան ստիպված է եղել դադարեցնել թռիչքները:

Ներկայում Ջիբրալթարի նեղուցին է մոտենում ամերիկյան ամենահզոր` «Էնթըրփրայզ» ավիակրի գլխավորած հարվածային խումբը:

Ինչպես հաղորդվել է, նավերի այս խումբը, որի մեջ է մտնում հրթիռային հածանավ ու երեք հրթիռային ականակիր նավ, մարտական հերթապահություն կիրականացնի Միջերկրական ծովում, իսկ ավելի ուշ կշարժվի Պարսից ծոց, որտեղ կմնա Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում: