Սաակաշվիլին ապօրինի զինված կազմավորում է ստեղծել. Ալասանիա
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կարգադրությամբ երկրի արևմուտքում ստեղծվել է մոտ 500 մարդուց բաղկացած ապօրինի զինված կազմավորում, այսօր հայտարարել է ընդդիմադիր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ, ՄԱԿ-ում Վրաստանի նախկին մշտական ներկայացուցիչ Իրակլի Ալասանիան:
Ինչպես հաղորդում է vz.ru-ն, Ալասանիան ասել է, որ այդ խմբի տեղակայման, ֆինանսավորման ու զինման մասին տվյալները փոխանցել է Ազգային անվտանգության ծառայությանը: Նա նշել է, որ տվյալները հավաքվել են ամիսներ շարունակ և վերստուգվել:
Ըստ ընդդիմադրի` խմբի անդամները պետք է գործեն ընդդիմության դեմ` «վախեցնելով ու ֆիզիկապես հակազդելով»:
«Այդ շրջանում վերահսկողությունը գտնվում է դատախազ Ռոլանդ Ախալայայի, ու նրա որդիների` Բաչոյի (պաշտպանության նախարարն է) ու Դաթայի (Ներքին գործերի նախարարության պատասխանատու աշխատակից) ձեռքում»,- ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդը` հավելելով, որ հենց նրանց է Սաակաշվիլին հանձնարարել ստեղծել նման խումբ:
Ընդդիմադիրը հնարավոր է համարում այն, որ Սաակաշվիլին կարող է նման մի կազմավորում էլ ստեղծել Թբիլիսիում: Նա կոչ է արել միջազգային հանրությանը ուշադրություն դարձնել այդ տվյալների վրա:
Իշխանությունները դեռ չեն մեկնաբանել այս հայտարարությունը:
Վրաստանում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերին:









