Նռնակի գործադրմամբ պայթյուն՝ «Ալեն-Էլեն» դիսկո ակումբում (տեսանյութ)
Այս գիշեր, մարտի 20-ին, ժամը 01.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ Աբովյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող «Ալեն-Էլեն» դիսկո ակումբում ռումբ են ուզում պայթեցնել: Այս մասին Tert.am–ը տեղեկացավ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.15-ի սահմաններում, անհայտ անձը նռնակի գործադրմամբ պայթեցրել է նշված հասցեի 2-րդ հարկի սրահը: Նույն օրը, ժամը 02.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «շնչուղիների այրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են դիմել 7 անձինք։
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության՝ հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներով ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն են տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ` 1981թ. ծնված Նարիման Սալենիպուրը, 1980թ. ծնված Ալիռեզա Մինային և 1982թ. ծնված Ահմեդ Փոլադբուզը:
1987թ. ծնված Նատիսե Քոնզադին, 1980թ. ծնված Զահրո Ասադը, 1988թ. ծնված Նազդե Նեմալը, 1981թ. ծնված Գարիուսի Մարիամը, 2002թ. ծնված Հուսեին և 2008 թ. ծնված Ֆաթիմա Թայլիները և ՀՀ քաղաքացի, 1978թ. ծնված Վահե Միրաքյանը ծխահարվել են:
Տեղում պարամեդիկների կողմից առաջին բուժօգնություն ստանալուց հետո տուժածները տեղափոխվել են «Արմենիա» և «Մուրացան» բժշկական կենտրոններ: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:
Հանգամանքները և պատճառված վնասի չափը պարզվում են: Նշանակվել են դատաբժշկական և ապրանքագիտական փորձաքննություններ: Կատարվում է քննություն:









