Մոսկվայում ադրբեջանցի և վրացի «օրենքով գողեր» են ձերբակալվել
Մոսկվայի հարավ-արևմտյան մասում գտնվող ռեստորաններից մեկում Մոսկվայի Քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են «օրենքով գողերի»` Բատյա մականունով 52-ամյա թբիլիսցի Օտարի Տոտոչիային և «Յասամալսկի Գոջա» մականունով 39-ամյա բաքվեցի Ալիբալա Համիդովին:
Համիդովի մոտ անձնական զննության ժամանակ թմրանյութ է հայտնաբերվել: Վրացի «մեծ ախպերը», ըստ ռուսաստանցի իրավապահների, մաքուր է գտնվել օրենքի առաջ և պրոֆիլակտիկ զրույցից հետո բաց է թողնվել:
Ալիբալա Համիդովը համարվում է ամենահեղինակավոր ադրբեջանցի «օրենքով գողերից»: 1992-ին նա Բաքվում դատապարտվել է 14 տարվա ազատազրկման սպանության համար: Նա մի հանցախմբի առաջնորդն է, որը փրկագին ստանալու նպատակով մարդկանց է առևանգում:
Գործող ադրբեջանցի 8 գողերից 4-ը այժմ անազատության մեջ են, ընդ որում` 3-ը Մոսկվայում:









