Արմեն Գևորգյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ տարածքային զարգացման նախարարի հետ

11:18 • 20.03.12

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը և ՌԴ տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինն այսօր Մոսկվայում կայացած հանդիպմանը քննարկել եին երկու երկրների տարածաշրջանների միջև հարաբերությունների զարգացման և նախարարությունների միջև համագործակցության հարցեր:

Ըստ Տարածքային կառավարման նախարարության հաղորդագրության՝ կողմերն անդրադարձել են մարտի 13-ին Գյումրիում կայացած Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստին ` դրական գնահատելով արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները:

Զրուցակիցները կարևորել են պայմանավորվածությունների ժամանակին իրագործումը` ընդգծելով այդ գործում կողմերի պատրաստակամությունը: Նաև նշվել է, որ աշխատանքային խմբի գործունեության ոլորտները բավականին ընդգրկուն են, ուստի խումբը չի կարող սահմանափակվել միայն տարեկան նիստերի անցկացմամբ, և տարվա ընթացքում մեծ ծավալի համատեղ աշխատանք պետք է իրականացվի:

Անդրադարձ է եղել նաև այս տարվա ընթացքում հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ համաժողովի անցկացման հարցերին: Կողմերը հույս են հայտնել, որ այն ավելի գործնական բնույթ կունենա` նպաստելով փոխշահավետ կապերի զարգացմանն ու նորերի հաստատմանը: Զրուցակիցները նաև նշել են, որ երկու երկրներում էլ շահագրգիռ կառույցներն ու կազմակերպությունները հետաքրքրությամբ են սպասում երկրորդ համաժողովին:

Մինչ այդ, Հայաստանի մարզպետարանների և ՌԴ տարածաշրջանների վարչակազմերի արտաքին տնտեսական համագործակցության հարցերով պատասխանատուների մասնակցությամբ կկազմակերպվի կլոր սեղան-քննարկում` երկրորդ համաժողովի օրակարգի համար առաջարկություններ մշակելու նպատակով:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ գործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր ևս, անդրադարձ է եղել ԱՊՀ միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի գործունեությանը: