Ռուսական զորքը Սիրիա է մեկնում. Fox News

13:30 • 20.03.12

Սիրիայում ռուսական հակաահաբեկչական ուժերի ներկայությունը նոր հարցեր է ի հայտ բերում` Ռուսաստանն աջակցո՞ւմ է անուղղակի կամ ուղղակի կերպով երկրում անկարգությունների դաժան ճնշմանը, իր խմբագրական հոդվածում գրում է ամերիկյան Fox News-ը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեկ հայտնել էր, որ ռազմածովային նավատորմի (ՌԾՆ) «Իման» նավթային տանկերը 10 օր առաջ հասել է սիրիական Տարտուս նավահանգիստ` Ռուսաստանի Նավատորմին օգնելու համար:

Իր հերթին Սևծովյան նավատորմի ղեկավարությունն «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել էր, որ ռուսական նավերն Ադենյան ծոցում մասնակցում են հակածովահենային առաքելությանը, ինչպես նաև Տարտուսում են` «անհանգիստ տարածաշրջանում ռուսական ներկայությունը ցուցադրելու ու ռուս քաղաքացիներին անհրաժեշտության դեպքում տարհանելու նպատակով»:

ՌԴ ՊՆ ներկայացուցիչը չէր հայտնել, թե որքան զինծառայող է գտնվում նավում, սակայն «Ինտերֆաքս» գործակալությունը հայտնել էր, որ տանկերի վրա են գտնվում ռուսական նավատորմի հակաահաբեկչական ստորաբաժանումները:

Ըստ Fox News-ի` Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հավատարիմ դաշնակիցն է, ինչն առաջացնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործընկերների վրդովմունքը, քանի որ Մոսկվան երկու անգամ վետո է դրել սիրիական բանաձևի նախագծի վրա:

ԱԽ-ի աղբյուրը ABC News-ին հայտնել էր, որ Սիրիա ռուսական զորքի ժամանումը տեղեկատվական «ռումբ» է, որը, անշուշտ, կունենա լրջագույն հետևանքներ:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախորդ շաբաթ հայտնել էր, որ Սիրիա մարտական ստորաբաժանումներ ուղարկելու ծրագրեր իր երկիրը չունի:

Սիրիայում ռուս հատուկջոկատայինների ներկայության մասին լուրը հերքել էր նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը` նշելով միայն, որ այնտեղ են գտնվում ռազմական ու տեխնիկական խորհրդատուները: