Beeline–ը «իրենով է արել» Հայաստանի ինտերնետ շուկայի կեսը. ուսումնասիրություն

17:07 • 20.03.12

«Բիզնես 24» լրատվական կայքը և «Circle.am» վարկանիշային համակարգը հրապարակել են «Հայաստանի առաջատար պրովայդերներ. ձմեռ 2012» հաշվետվությունը, որտեղ ներկայացված են նշված ժամանակահատվածի առաջատար ինտերնետ պրովայդերները։ Պրովայդերների ձմեռային ցուցանիշների հետ մեկտեղ ներկայացված են նաև 2011թ.-ի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների տվյալները:

Ըստ ուսումնասիրության, որը իրականացվել է Circle.am համակարգում ընդգրկված կայքերի շրջանում, և, եթե հաշվի առնենք համակարգում առկա կայքերի ընդգրկվածությունը, կարելի է ասել, որ ամբողջական պատկեր է արտացոլում։

Ըստ ուսումնասիրության, 5 ամիսների 5 առաջատարների ցանկի գլխավորում է Beeline–ը՝ նշված 5 ամիսներին միջինը 49.6% ցուցանիշով, նրան հաջորդում են Orange–ը՝ 17%, Ucom–ը` 11.5%, Viva Cell-MTS–ը` 9% և ADC–ն` 3.8%։

Միջինում 5 ամիսների կտրվածքով առաջատար 5-յակին է բաժին ընկնում շուկայի 91% մասնաբաժինը, որից միայն 49.6%–ը՝ Beeline–ին։ Հունվարին այս ընկերության մասնաբաժինը նույնիսկ գերազանցել է 50 տոկոսանոց «հոգեբանական» սահմանը։

Վերլուծության մեջ նշվում է, որ 5 ամիսների ամենակարևոր միտումներից մեկն այն է, որ անփոփոխ առաջատար Beeline-ի մասնաբաժինը շարունակել է աճել: 2011թ.-ի սեպտեմբեր ամսի համեմատ Beeline-ի ցուցանիշն աճել է 0.24 տոկոսային կետով: Հրապարակման մեջ հիշեցվում է նաև, որ մեկ տարի առաջ Beeline-ին բաժին էր ընկնում հայաստանյան այցելությունների 44.14%-ը: Փաստորեն, 12 ամիսների ընթացքում առաջատարի մասնաբաժինն աճել է 4.93 տոկոսային կետով կամ 11.16%-ով:

Երկրորդ տեղում է Orange-ը: Անցյալ տարվա սեպտեմբեր ամսի համեմատ երրորդ բջջային օպերատորի ցուցանիշը կրճատվել է 0.68 տոկոսային կետով: 2011թ.-ի փետրվար ամսին բջջային ինտերնետի առաջատարի մասնաբաժինը կազմում էր 18.58%: Վերջին մեկ տարում Orange-ի մասնաբաժինը կրճատվել է 1.85 տոկոսային կետով կամ մոտ 10%-ով:

Երրորդ հորիզոնականում Ucom-ն է: 2011թ.-ի սեպտեմբեր ամսի համեմատ ընկերության մասնաբաժինն աճել է 1.29 տոկոսային կետով: Նախորդ տարվա փետրվար ամսի համեմատ Ucom-ի մասնաբաժինն աճել է 5.96 տոկոսային կետով կամ 94.5%-ով:

Չորրորդ տեղում առաջատար բջջային օպերատոր Vivacell-MTS-ն է: Անցյալ տարվա սեպտեմբեր ամսվա համեմատ ընկերության մասնաբաժինը կրճատվել է 0.82 տոկոսային կետով, իսկ 2011թ.-ի փետրվարի համեմատ` 0.08 տոկոսային կետով: Ըներության մասնաբաժինը նվազել է հոկտեմբեր-նոյեմբեր ամսիներին, իսկ ձմռան ընթացքում արձանագրվել է անընդմեջ աճ:

Հինգերորդ և յոթերորդ հորիզոնականներում են ADC և Arminco ընկերությունները: Երկու պրովայդերների ցուցանիշներն, ինչպես և նախկինում, շարունակել են նվազել` 2011թ.-ի սեպտեմբերի համեմատ -0.47 և -0.44 տոկ. կետ համապատասխանաբար: Հունվարի նկատմամբ փետրվար ամսին արձանագրված աճը պրովայդերների մոտ կորպորատիվ հաճախորդների գերակայության հետևանք է: 2011թ.-ի փետրվարի տվյալների համեմատ ADC-ի մասնաբաժինը կրճատվել է 4.09 տոկ. կետով կամ մոտ 53%-ով, իսկ Arminco-ի մասնաբաժինը նվազել է 4.72 տոկ. կետով կամ 69%-ով:

Հունվար ամսին Arminco-ին շրջանցել և 6-րդ հորիզոնականն է բարձրացել GNC-ALFA-ն: Անցյալ տարվա սեպտեմբեր ամսի համեմատ ընկերության ցուցանիշն աճել է 1.16 տոկոսային կետով կամ 89.2%-ով: 2011թ.-ի փետրվարի համեմատ աճը կազմել է 1.36 տոկոսային կետ: Ինչպես տեսնում ենք` վերջին 4-5 ամիսների ընթացքում GNC-ALFA-ի ցուցանիշները բավական զգալի տեմպով աճել են:

Ութերորդից տասներորդ հորիզոնականներում են Karabakh Telecom, Web և Bionet ընկերությունները: 2011թ.-ի սեպտեմբեր ամսի համեմատ պրովայդերների ցուցանիշները փոփոխվել են հետևյալ կերպ` Karabakh Telecom` +0.13 տոկ. կետ, Web` -0.34 տոկ. կետ, Bionet` -0.11 տոկ. կետ: Karabakh Telecom-ին հաջողվել է շրջանցել Web-ին և զբաղեցնել 8-րդ հորիզոնականը:

Եթե 2011թ.-ի փետրվար ամսին առաջատար 10 պրովայդերներին բաժին էր ընկնում Circle.am-ում գրանցված հայաստանյան այցելությունների 94.6%-ն, ապա այս տարվա փետրվարին սույն ցուցանիշը կազմել է 97.04%: Անցած 12 ամիսների ընթացքում ցուցանիշն աճել է 2.44 տոկոսային կետով: Խոշորացման զգալի գործընթացներ են տեղի ունենում նաև տասնյակի ներսում: