Բոստանջյանը ԲՀԿ ցուցակում չլինելու մեջ «ոչ մի տրագիկ բան» չի տեսնում

15:29 • 20.03.12

ԲՀԿ–ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը տեղյակ չէ՝ իր անունը կա՞ «Բարգավաճ Հայաստանի» համամասնական ցուցակում, բայց եթե չլինի , դրանում բացարձակապես «ոչ մի տրագիկ բան» չի տեսնում: Այս մասին Tert.am –ին ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Հիշեցնենք, որ չնայած «Բարգավաճ Հայաստանի» համամասնական ցուցակը չի հրապարակվել և մանրամասներ էլ դեռ հայտնի չեն, համառ լուրեր են շրջանառվում, որ Վարդան Բոստանջյանն էլ ԲՀԿ ցուցակում չի լինելու: Իսկ դա, ըստ շրջանառվող տեղեկատվության, պայմանավորված է վերջերս Բոստանջյանի արած այն հայտարարության հետ, թե ԲՀԿ-ն պարզապես առիթ չունի չսատարելու 2013-ի նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Հարցին, թե, եթե իր անունը չլինի ցուցակում, ապա դա ինչ կնշանակի, Վարդան Բոստանջյանը չի կարող պատասխանել, քանի որ չգիտի, սակայն եթե իմանա էլ չի մեկնաբանի:

Նշենք, որ Վարդան Բոստանջյանն այսօր ԱԺ–ում կանգնած էր կուսակից Գոհար Ենոքյանի և հանրապետական Համլետ Հարությունյանի հետ,ով վերջինիս ասում էր, թե, եթե ԽՍՀՄ հերոս, մարշալ Գեորգի Ժուկովի հետ այդպես վարվեցին և Բրեժնևի ժամանակ ութ տարի համագումար չհրավիրեցին, ապա…

Այստեղ Համլետ Հարությունյանը տեսնելով լրագրողներին ցածրացրեց ձայնը, սակայն ավելի ուշ Tert.am –ի հետ զրույցում ասաց, որ ոչ թե Վարդան Բոստանջյանին սփոփելու, այլ բոլորովին ուրիշ առիթով էր հիշել լեգենդար մարշալին: