Վթարի է ենթարկվել Թեհրան-Երևան ավտոբուսը. զոհերի և վիրավորների մեջ հայեր կան
Իրանում վթարի է ենթարկվել Իրան-Երևան ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսը: Վթարի հետևանքով 3 հայ է զոհվել, տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:
Ըստ իրանահայ համայնքի Hyeli.net կայքի՝ վթարը տեղի է ունեցել Իրանի հյուսիսում` Մառանդ-Ջուլֆա մայրուղու 30-րդ կիլոմետրին: Վթարի հետևանքով վիրավորվել է 15 մարդ:
«Դիդար սէյրէ գիթի» ընկերությանը պատկանող ավտոբուսի ուղևորների մեծ մասն իրանցիներ են եղել:
Կայքը նաև նշել էր վիրավորների անունները՝ Հակոբ Մարտիրոսյան, Լիանա Բարսեղյան, Մարինա Պետրոսյան, Ստեփանոս Պետրոսյան, Բենիամին (Միքայել) Ազամալյան:
Բժիշկները նրանց վիճակը կայուն են գնահատում:
Զոհերի ինքնությունը դեռ հայտնի չէ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարը տեղի է ունեցել ավտոբուսի անիվի պայթյունի հետևանքով:









