Չավեսը հայտարարել է, որ իր մրցակցին ցանկանում են սպանել

09:32 • 20.03.12

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ ընդդիմության առաջնորդ, նախագահի թեկնածու Էնրիկե Կապրիլեսի վրա հարձակում է նախապատրաստվում:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Չավեսը հայտնել է, որ հարձակման մասին տեղեկությունը ստացել է «հուսալի աղբյուրից», սակայն չի բացահայտել` որտեղից:

«Հետախուզության պետը հանդիպել է նրա հետ (Կապրիլեսի -Tert.am),  քանի որ տեղեկություն կա, որ նրան ցանկանում են սպանել: Սակայն դա ոչ թե կառավարությունն է, այլ ընդհակառակը»,- հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում ասել է նախագահը:

Նա նշել է, որ որպես պետություն` իրենք պարտավոր են ապահովել քաղաքացիների անվտանգությունը:

«Մենք շատ լուրջ ենք վերաբերվում նրա կյանքին սպառնացող տեղեկությանը, այդ մասին տեղեկացրել ենք նաև բուրժուազիայի թեկնածուին ու առաջարկել ենք անվտանգություն»,- ասել է Չավեսը:

Ավելի վաղ նա իր թեկնածուին անվանել էր «ստոր խոզ, որը խռխռում է» և խոստացել էր նրան «ոչնչացնել»  աշնանը կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ: