Ֆրանսիան` 1000 եվրո անվանական արժեքով, ոսկեդրամ կհատի
Ֆրանսիայի դրամահատարանն այս շաբաթ հազար եվրո անվանական արժեքով ոսկեդրամ է հատելու:
Ըստ ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի՝ առաջին «ոսկիները» վաճառքի կհանվեն մայիսն, սակայն ինտերնետային հայտ անհրաժեշտ է ներկայացնել նախապես` մարտի 23-ից ապրիլի 21-ն ընկած ժամանակահատվածում:
Ընդանուր առմամբ կթողարկվի 10 հազար ոսկեդրամ: «Նման դրամական միավորի ձեռքբերումը ներդրումների ապահով տարբերակ է»,- ներկայացնելով վարպետորեն փորագրված ոսկեդրամը` հայտարարել է Ֆրանսիայի դրամահատարանի ներկայացուցիչը:
Քսան գրամանոց և 39 մմ տրամագիծ ունեցող ոսկեդրամի դիմերեսին Հերկուլեսն է փորագրված, նրանից ձախ ազատության աստվածուհին է` գլխին փրյուգիական գլխարկ, իսկ աջից՝ հավասարության աստվածուհին, ում ձեռքին կշեռք կա:
Միասին դրանք մարմնավորում են «եղբայրություն» հասկացությունը: Դարձերեսին նշված է անվանական արժեքը`«EURO 1000»: Այդ գրության մոտ երկու ճյուղ է պատկերված` կաղնու և դափնու:
Փարիզի դրամահատարանն ավելի ուշ կթողարկի նաև այդ դրամի արծաթե կրկնօրինակը` 100 եվրո անվանական արժեքով: Իսկ տարեվերջին, բոլոր նումիզմատներին նվեր է սպասում, նույն շարքից մեկ այլ «ոսկի»` 5 հազար եվրո անվանական արժեքով:









