Ֆրանկոֆոնիայի մեկամսյակի շրջանակում Հայաստանում կանցկացվի ավելի քան 250 միջոցառում

16:56 • 20.03.12

Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Ֆրանկոֆոնիայի օրը և այդ առիթով այս տարի Հայաստանում նախատեսված է անցկացնել 250-ից ավելի միջոցառումներ:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված մամուլի ասուլիսին ՀՀ արտգործնախարարի ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանն ասաց, որ երբ առաջին տարին էր Հայաստանում անցկացվում Ֆրանկոֆոնիայի օրերը, այն տևեց ընդամենը մեկ շաբաթ, իսկ այսօր այն տևում է շուրջ մեկ ամիս:

«Այս տարի նախատեսված է 250-ից ավելի միջոցառումներ: Շատ ուրախ ենք փաստելու, որ այս մեկամսյակը խարխսված է Հայաստանի մշակութային կրթական կյանքի մեջ»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպությանը միացել է 2004-ին՝ նախ որպես դիտորդ, իսկ 2008-ին Հայաստանին շնորհվեց կազմակերպության ասոցացված անդամի կարգավիճակ: Այս տարի Կինշասայի գագաթաժողովին Հայաստանին կշնորհվի լիիրավ անդամի կարգավիճակ:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն իր խոսքն սկսեց հայերենով և բոլոր ներկաներին հավաստիացրեց, որ Ֆրանկոֆոնիայի մեկամսյակը մեծ հաջողությամբ է սկսվել Հայաստանում: Այուհետ խոսքը շարունակեց ֆրանսերենով:

«Այս տարի հայ հանդիսատեսի ուշադրությանը ներկայացրած միջոցառումների թիվը գեազանցում է նախորդներին: Հիանալի մեկնարկ ունեցավ այս սեզոնը: Ընթանում է հիանալի ռիթմով: Այսօր առավոտյան եղել ենք ԱԺ-ում, որի առիթը ԱԺ-ի պաշտոնական կայքի ֆրանսերեն լեզվով շնորհանդեսն էր»,- ասաց նա և այս երեկո հրավիրեց բոլորին ներկա լինել Սերժ Ավետիքյանի վերջերս նկարահանած հեղինակային «Սալորաչրով հավ» ֆիլմը դիտելու:

Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Կոնստանտին Օբոլենսկին իր խոսքում նշեց, որ չնայած Ֆրանկոֆոնիայի օրը հենց այսօր՝ մարտի 20-ին, բայց Հայաստանում արդեն սկսել են ներկայացնել այս տարվա նախատեսված միջոցառումները:
«Լայն ծրագիր է նախատեսված ոչ միայն Երևանում, այլև մարզերում: Ֆրանկոֆոնիայի մեկամսյակի համար գրեթե բոլոր դեսպանները պատրաստել են մի շարք միջոցառումներ»,-ասաց նա: