Երևանի 10 դպրոցներում ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման ծրագիր է մշակվում

18:32 • 20.03.12

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ արտգործնախարարության համատեղ ջանքերով հանրակրթական տասը դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագիր է մշակվել, այս մասին այսօր Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առիթով Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված մամուլի ասուլին ասաց, ՀՀ արտգործնախարարի՝ ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական Քրիստիան Տեր-Ստեփանյանը:

«Երևանյան տասը դպրոցներում արդեն շաբաթական 3 ժամից անցում կկատարվի մինչև 6 ժամի և կլինի խորացված ուսուցում»,- ասաց նա:

Ասուլիսին ներկա Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, անդրադառնալով ծրագրին, նշեց, որ դրա իրականացման համար բավական երկար ժամանակ է պահանջվում:

«Խոսքը վերաբերում է մի այնպիսի ծրագրի, որը համոզիչ կլինի թե՛ ծնողների, թե՛ երեխաների համար: Մենք աշխատում ենք հետևյալ սկզբունքով՝ շտապելը լավ է, բայց գլխով նետվել չափից ավելի լավ չէ: Արագ գնանք, բայց շատ էլ չշտապենք: Ստույգ ժամկետներ չեմ կարող ասել, բայց հուսանք մոտ ապագայում»,- ասաց նա և ավելացրեց, որ ընդամենը մի քանի օր առաջ այս հարցի շուրջ քննարկումներ են եղել ՀՀ կրթության և գիտության նախարարությունում: