Սենատորներ Մենենդեսը և Քիրքը ներկայացրել են Հայոց ցեղասպանության մասին բանաձև
Սենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Մարկ Քիրքն այսօր ներկայացրել են բանաձև, որով կոչ են անում ԱՄՆ-ի վարչակազմին պատշաճ կերպով ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և օգտագործելու այս վայրագություններից քաղած դասերը, որպեսզի ապագայում կանխվեն մարդկության դեմ գործած հանցագործությունները, հաղորդում է ԱՄՆ-ի հայ դատի հանձնախումբը:
«Ժամանակն է, որպեսզի Միացյալ Նահանգները միանա 19 պետություներին, ներառյալ՝ Բելգիային, Կանադային, Ֆրանսիային, Իտալիային և ԵՄ-ին, որոնք պաշտոնապես ճանաչել են Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Մենենդեսը:
«Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է և միայն ճշգրտորեն ճանաչելով անցյալում իրագործված հանցագործությունները` մենք կարող ենք օրինական կերպով շարժվել առաջ և կանխել ապագայում մարդկության դեմ գործած այսպիսի հանցագործությունները»,- ասել է նա:
«Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչվել է ՆԱՏՕ-ի 11 դաշնակիցների և ԵՄ-ի կողմից: Այս բանաձևը ճշգրտորեն ներկայացնում է 1915-1923թթ իրադարձությունները որպես ցեղասպանություն, հարգանքի տուրք է մատուցում զոհերին և ամրապնդում ԱՄՆ-ի դերը մարդու իրավունքների պաշտպանության գործում և զանգվածային վայրագություների կանխումը ամբողջ աշխարհում»,- ասել է սենատոր Քիրքի ներկայացուցիչը:
Մի խումբ սենատորներ միացել են Մենենդեսին և Քիրքին:
«Մենք շնորհակալ ենք սենատորներ Ռոբերտ Մենենդեսին և Մարկ Քիրքին իրենց ջանքերի համար` ուղղված վերջ դնելու Թուրքիայի փորձերին`խանգարելու ԱՄՆ-ին դատապարտել Հայոց ցեղասպանությունը»,- ասել է ԱՄՆ հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Այս ջանքերին զուգահեռ, կոնգրեսականներ Ռոբերտ Դոլդը և Ադամ Շիֆը առաջարկել են գրեթե նույնատիպ բանաձև:
Իսկ սենատորներ Սքոթ Բրաունը, Դայան Ֆեյնշտեյնը և Մարկ Քիրքը դեռևս 2011թ-ի դեկտենբերին ներկայացրել են բանաձև` կոչ անելով Թուրքիային վերադարձնելու գողացված քրիստոնեական եկեղեցիների ունեցվածքը:
Հանձնախմբի հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքիան շարունակում է հետապնդել գրողներին՝ միայն Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար և սպառնում է պատժել այն երկրներին, ներառյալ ԱՄՆ-ին և Հայաստանին, որոնք համարձակվում են հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին:









