Իրաքում պայթյունների հետևանքով առնվազն 45 մարդ է զոհվել

22:02 • 20.03.12

Առնվազն 45 մարդ է զոհվել Իրաքում մարտի 20-ին տեղի ունեցած մի շարք համակարգված հարձակումների արդյունքում, հայտնում է BBC-ին:

Երկու ականավորված մեքենաներ պայթեցվել են Քերբալա քաղաքում` խլելով 13 մարդու կյանք:

Մեկ այլ ավտոմեքենա պայթեցվել է հյուսիսային Քիրքուք քաղաքում` Ոստիկանության բաժանմունքին մոտ: Ոստիկանության աշխատակիցները հայտնել են, որ պայթյունի հետևանքով զոհվել է 13 ոստիկան։

Երկու առանձին ականապատ ավտոմեքենաներ պայթեցվել են Բաղդադում, որոնցից մեկը արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց: Այս պայթյունների արդյունքում զոհվել է 7 մարդ: Ավելի վաղ 3 մարդ էր զոհվել Բաղդադի եկեղեցու վրա գործած հարձակման արդյունքում:

Բազմաթիվ հարձակումներ գրանցվել են նաև Իրաքի այլ բնակավայրերում: Հարձակումները տեղի են ունեցել Արաբական լիգայի գագաթնաժողովի նախաշեմին, որը պետք է տեղի ունենա Իրաքի մայրաքաղաք Բաղդադում գալիք շաբաթ: