Ծառուկյանն Օսկանյանի մոտ բանագնաց չի ուղարկել. Խաչիկ Գալստյան

12:04 • 20.03.12

Տեղեկությունը, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6-րդ համագումարի ժամանակ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը բանագնաց է ուղարկել, որպեսզի ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին զգուշացնի, որ քննադատաբար ելույթ չունենա, իրականությանը չի համապատասխանում, այս մասին Tert.am–ին ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը:

Մեկնաբանելով փաստը, որ Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Կարեն Ավագյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել, որում նշել էր, որ ԲՀԿ-ի համագումարը «ոնց որ մեր Թաթայի համերգը լիներ», Խաչիկ Գալստյանն ասաց. «Առնվազան գտնում ենք, որ ֆեյսբուքի որևէ օգտատեր, հատկապես եթե ունի նաև քաղաքական գործչի կարգավիճակ, իր գրառումներում պետք է լինի ավելի զգույշ և կոռեկտ, այլապես կստանա համարժեք պատասխան»:

Խաչիկ Գալստյանը հավելեց, որ հրապարակային գործիչները «չարաչար սխալվում են», եթե «Ֆեյսբուքը» դիտում են որպես իրենց անձնական տիրույթ:

Ինչ վերաբերում է ԲՀԿ համամասնական ցուցակին, ապա կուսակցության առաջնորդի մամուլի խոսնակն ասաց, որ կտեղավորվեն օրենքով սահմանված ժամկետներում:

Մեր տեղեկություններով՝ ցուցակը կհրապարակվի վաղը՝ կուսակցության քաղխորհրդի նիստից հետո: