Կոմկուսը ընտրագրավի հանգանակության արդյունքները կամփոփի վաղը
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը մարտի 21-ին կամփոփի 8 մլն դրամ ընտրագրավի ձեռք բերելու համար նախաձեռնած հանգանակության արդյունքները, Tert.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց կուսակցության նախագահ Ռուբեն Թովմասյանը:
Ռուբեն Թովմասյանը տեղեկացրեց նաև, որ այդ հանգանակությունը չի սահմանափակվի միայն ընտրագրավի համար. այն կշարունակվի նաև քարոզարշավի ընթացքում:
«Դեռ չեն ամփոփվել հանգանակության արդյունքները, կամփոփվեն վաղը, իսկ այդ հանգանակությունն անընդմեջ է լինելու. քարոզարշավի ժամանակ էլ կլինի այդ հանգանակությունը»,– ասաց նա:
Հարցին, թե արդյոք 8 մլն դրամը հավաքված կլինի, Ռուբեն Թովմասյանը հույս հայտնեց, որ կլինի։
«Ինձ թվում է կլինի, եթե չլինի, էլ ինչի՞ ենք խոսում»,- ասաց կուսակցության նախագահը:
Հանգանակողները Ռուբեն Թովմասյանի խոսքով եղել են կուսակցության համակիրները, ինչպես նաև այլ օգնողներ, որոնք, նրա հավաստմամբ, շատ են։ ՍակայնՌուբեն Թովմասյանը չցանկացավ մանրամասնել, թե ովքեր են: Իսկ հարցին, թե արդյոք նրան մեջ եղել են գործարարներ, նա պատասխանեց. «Կարող է»:
Ինչ վերաբերում է նախընտրական ցուցակին, ապա Ռուբեն Թովմասյանն ասաց, որ հավանաբար այն ԿԸՀ կներկայացնեն վաղը: Նշենք, որ նախընտրական ցուցակների ներկայացման վերջնաժամկետը մարտի 22-ն է:
Հիշեցնենք, որ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը և Հայաստանի առաջադիմական կոմունիստական կուսակցությունը մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են միասնական ցուցակով:









