Վրաստանի խորհրդարանը կվերանայի կառավարությանը վստահություն հայտնելու հարցը

11:06 • 20.03.12

Վրացական խորհրդարանն այսօրվա արտահերթ նիստում քվեարկության կդնի նախարարական կաբինետին վստահություն հայտնելու հարցը: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, գործադիր մարմնին վստահություն հայտնելու անհրաժեշտությունն առաջացել է Աշխատանքի, առողջապահության ու սոցիալական ապահովության նախարարի փոխարինման արդյունքում:

Անդրիյա Ուրուշաձեին կփոխարինի Զուրաբ Չիաբերաշվիլին: Ուրուշաձեն նշանակվել է Թբիլիսիի քաղաքապետի` սոցիալական հարցերով տեղակալ: Սա գործադիր մարմնում արդեն յոթերորդ փոփոխությունն է, ինչը պահանջում է կառավարությանը վստահություն հայտնելու անհրաժեշտություն:

Գործող օրենսդրության համաձայն` կառավարության մեկ երրորդի, սակայն ոչ պակաս, քան հինգ անդամի փոփոխության դեպքում նախագահը խորհրդարանին է ներկայացնում կառավարության նոր կազմը` վստահություն ստանալու նպատակով: