ՄԽ-ն աշխատում է ԼՂ խնդրի կարգավորման ապագա խաղաղ պայմանագրի հիմքի վրա. Պոպով
Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացը բավականին ինտենսիվ է ընթանում, «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը:
«Քննարկվում են խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնք պետք է դառնան ապագա խաղաղ պայմանագրի մշակման հիմքը», - ասել է Պոպովը:
Ըստ նրա` միայն վերջին մեկ տարում կայացել է նախագահների մակարդակով երեք հանդիպում, որոնց ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կարողացել են պարզաբանումներ մտցնել տարաձայնություններ առաջացնող հարցերում: ՄԽ ռուս համանախագահի խոսքով` թեև շատ քիչ հարցեր են մնացել` համեմատած այն ամենի հետ, ինչն արդեն համաձայնեցված է, սակայն «այն, ինչ մնացել է, առավել բարդ է»:
Նա հիշեցրել է հունվարին Սոչիում նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի` հիմնարար սկզբունքների շուրջ պայմանավորվածությունների հասնելու գործընթացն արագացնելու մտադրության մասին:
«Այս դիրքորոշումը վկայում է այն մասին, որ կողմերը ոչ միայն պատրաստ են շարունակել բանակցային գործընթացը, այլև մտադիր են ջանքեր գործադրել` սպասելի արդյունքի հասնելու համար»,- ասել է ռուս դիվանագետը:
Նրա խոսքով` Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ռուսաստանը, Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները, խնդրի լուծումը տեսնում են միմիայն խաղաղ ճանապարհով:
«Միջնորդի դերը մեծ է: Սակայն, և սա ես ցանկանում եմ հատուկ ընդգծել, պայմանավորվածության գալը կախված է առաջին հերթին հակամարտող կողմերի բարի կամքից», - ասել է Պոպովը:
1994թվականի մայիսից` հրադադարի ռեժիմի հաստատումից հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո անցկացվում են դեռ «անարդյունք» խաղաղ բանակցություններ:









