Փարիզյան երկու սինագոգներ սպառնալիքներով նամակներ են ստացել
Ֆրանսիայի իրավապահ մարմիները հետաքննություն են սկսել Փարիզի երկու սինագոգներին ներկայացված սպառնալիքների գործով, հաղորդում է «Ֆրանս Փրես» գործակալությունը:
Փարիզի 19-րդ և 8-րդ շրջաններում գտնվող 2 սինագոգներ` հանգստյան օրերին և երկուշաբթի առավոտյան, միանման սպառնալիքներով նամակներ են ստացել:
Ոստիկանությունը, այս դեպքերը չի կապում` այսօր առավոտյան Թուլուզ քաղաքի Օզար Հաթորահ հրեական քոլեջի դիմաց իրականացրած հարձակման հետ, որի ժամանակ` կրակոցներից 4 մարդ էր զոհվել և ևս մեկը ծանր վիրավորվել:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կարծիք է հայտնել, որ հանցագործը, ամենայն հավանականությամբ, ռասիստական շարժառիթներից ելնելով է գործել ոճիրը:
«Այս հանցագործությունը զազրելի է և չի կարող մնալ անպատիժ»,- ասել է Ֆրանսիայի նախագահը: Նա նաև հայտնել է, որ հետաձգում է իր նախընտրական քարոզչությունը մինչ չորեքշաբթի:
Ֆրանսիայում հրեական դպրոցի վրա իրագործած հարձակումից հետո, Նյու Յորքի ոստիկանությունն իր հերթին ուժեղացնում է անվտանգությունը սինագոգերում և այլ հրեական կառույցներում, հաղորդում է Reuters գործակալությունը:
«Անվտանգությանն ուղղված այս միջոցառումները իրականացվում են Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում տեղի ունեցած ողբերգությունից հետո, ինչպես նաև չճշտված` «արտերկրում սպասվող իրադարձություններով»,- ասել է Նյու Յորքի ոստիկանության ներկայացուցիչ Փոլ Բրաունը:
«Չնայած նրան, որ գոյություն չունի հստակ սպառնալիք Նյու Յորքի դեմ, քաղաքի ոստիկանությունը նախազգուշական քայլեր է ձեռնարկում հրեական կառույցները պաշտպանելու ուղղությամբ», - ասել է Բրաունը իր հայտարարության մեջ:









