Ամերիկացի զինծառայողը «չի հիշում»` ինչպես է սպանել 16 աֆղանցու

08:58 • 20.03.12

Աֆղանստանում 16 խաղաղ բնակչի, այդ թվում` երեխաների սպանության մեջ կասկածվող ամերիկացի զինծառայող Ռոբերտ Բեյլսը «չի հիշում», թե ինչպես է միջադեպը տեղի ունեցել, Քանզասի ռազմաբազայում առաջին անգամ զինծառայողի հետ հանդիպելուց հետո CBS հեռուստաալիքի հետ զրույցում պատմել է պաշտպանը:

«Նա ոչինչ չի հիշում այդ երեկոյի մասին: Դա նշանակում է , որ նա տառապում է ամնեզիայով: Սակայն կան հիշողության կորստի այլ տարբերակներ նույնպես»,- ասել է  Ջոն Հենրի Բրաունը` չմանրամասնելով, թե որոնք են դրանք:

Բեյլսի պաշտպանը հայտնել է, որ զինծառայողն իրեն մանրամասն պատմել է այն ամենը, ինչի հետ բախվել է Աֆղանստանում: Նա ընդգծել է, որ իր պաշտպանյալն այդ երեկոյան խմել է, «սակայն շատ քիչ` մեկ- երկու կում»:

Զոհերի ու տուժածների հարազատները պահանջում են, որ Բեյլսի նկատմամբ դատական գործընթացն անցկացվի Աֆղանստանում: Նախորդ շաբաթ ամերիկյան ռազմական գերատեսչության ղեկավար Լեոն Պանետան հայտարարել էր, որ զինծառայողի մեղքն ապացուցվելու դեպքում` նրան կարող է սպառնալ մահապատիժ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, աֆղանական խորհրդարանական հատուկ հանձնաժողովը, ուսումնասիրելով դեպքի հանգամանքներն ու զրուցելով զոհերի հարազատների ու ականատեսների հետ, եկել է այն եզրահանգման, որ խաղաղ բնակիչների սպանությունն իրագործել է ոչ թե մեկ, այլ 15-20 զինծառայող: