Դատախազը միջնորդեց Հովհաննես Թամամյանին դատապարտել 4 տարի ազատազրկման

12:40 • 20.03.12

Առաջարկում եմ Հովհաննես Ղուկասի Թամայանին դատապարտել 4 տարի ժամկետով և պատժի սկիզբ համարել 2011թվականի մարտի 24-ը: Այս մասին այսօր ասաց ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Հարություն Հարությունյանը, ՀՀ քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի դատավարության ժամանակ:

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Արշակ Վարդանյանի, սույն գործով մեկնարկած դատավարության ժամանակ մեղադրողը նաև իր ճառի մեջ անդրադարձավ գործով անցնող մյուս մեղադրյալներին` ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ բաժնի պատասխանատու Արմեն Պողոսյանը և ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերի վարչության ավագ քննիչ Վահան Խանզադյանին: Վերջիններիս մասով դատախազը միջնորդեց 2 տարի պայմանական դատավճիռ:

Հովհաննես Թամամյանի Պաշտպան Վաղինակ Գևորգյանը խնդրեց դատարանից պաշտպանական ճառի համար նիտը հետաձգել: Դատավոր Արշակ Վարդանյանը նիստը հետաձգեց մինչև սույն թվականի մարտի 23- ը:

Հովհաննես Թամամյանը դատարանի դահլիճից դուրս գալուց առաջ կոչ արեց դահլիճում գտնվողներին զինվել համբերությամբ: Վերջինիս պաշտպանն էլ րագրողների հետ զրույցում ասաց, որ ինքն զգում է, որ որոշված է արդեն Թամամյանին դատել:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնական պարտականությունները չկատարելու, անձնական շահագրգռվածությունից ելնելով դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Հովհաննես Թամամյանի հետ նույն գործով որպես մեղադրյալներ են անցնում, ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ բաժնի պատասխանատու Արմեն Պողոսյանը և ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերի վարչության ավագ քննիչ Վահան Խանզադյանը: Վերջիններիս առաջադրվել է պաշտոնական լիազորություններիչարաշահում հոդվածը։

Նշենք նաև, որ նախորդ դատական նիստի ժամանակ Հովհաննես Թամամյանը, Վահան Խանզադյանը, և Արմեն Պողոսյանը ընդունել են իրենց հասցեագրված մեղադրանքներն ու պահանջում են դատարանից անցկացնել արագացված դատաքննություն:
Նշենք նաև, որ Հովհաննես Թամամյանը կալանքի տակ է գտնվում գրեթե մեկ տարի: