ԱՄՆ-ն պարտվել է Իրանի հետ «ռազմական խաղում»
Միացյալ Նահանգների բանակը պարտություն է կրել իր իսկ բեմադրած «ռազմական խաղում». զինվորականները մոդելավորել են մի իրավիճակ, որի ժամանակ Իսրայելը հարված է հասցնում Իրանին, ինչը հանգեցնում է տարածաշրջանային պատերազմի, որի մեջ է ներքաշվում նաև ԱՄՆ-ն: Արդյունքում, ինչպես գրում է The New York Times-ը, ամերիկյան բանակը «կորցրել» է հազարավոր զինվորներ ու «պարտություն կրել»:
Պարբերականի տեղեկություններով` «ռազմական խաղն» անցկացվել է անցյալ ամիս, գաղտնի պայմաններում, սակայն հետագայում, հնարավոր է` միտումնավոր, տեղեկության արտահոսք է տեղի ունեցել: «Պատերազմական խաղն» անցկացվել է երկու շաբաթվա ընթացքում` «Ներքին հայացք» գաղտնանվամբ:
Ամերիկացի վերլուծաբանների կարծիքով` նման պատերազմը մեծ կորուստների կհանգեցնի ոչ միայն Իսրայելում, այլ նաև ԱՄՆ-ում: Իրանի պատասխան գործողությունների հետևանքով կարող են զոհվել «հարյուրավոր, եթե ոչ հազարավոր» զինվորականներ, կարծում են Պենտագոնում:
Միևնույն ժամանակ, զինվորականներն ընդգծել են, որ ամերիկյան բանակը չի կարող զերծ մնալ մարտական գործողություններից, և մոտ ապագայում պարտավոր է հնարավոր կորուստների նվազմանը միտված միջոցառումներ ձեռնարկել:
Նշենք, որ երեկ հայտարարվել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը մոտ ժամանակներում կմեծացնեն իրենց ներկայությունը Պարսից ծոցում:









